Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Վաղարշակ Հարությունյանը հրամայել է՝ ետ գալ զբաղեցրած դիրքերից. Արթուր Սարգսյան

Հոկտեմբեր 26,2021 13:20

«Պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին գալիս է Գորիս, մեզ բոլորիս՝ համայնքների ղեկավարներին, հրավիրում է այնտեղ: Մեզ բոլորիս ասում է՝ ձեզ մինչեւ վաղը 5-ը ժամանակ, բոլոր տեղերից պետք է ետ գաք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Նա այսօր առաջին անգամ եկել էր խորհրդարան, նրա խափանման միջոցը փոխվել է գրավով: Քրեական գործը շարունակվում է: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի այդ հանձնարարականը տարակուսանք է առաջացնում Սյունիքի համայնքապետերի մոտ, քանի որ նոյեմբերի 9-ին հայտարարության մեջ հստակ նշված էր, որ բոլորը մնում են այն տեղերում, որտեղ գտնվել են հայտարարության ստորագրման օրը, նաեւ բոլոր պաշտոնյաներն են նման պնդումներ արել: Համայնքապետերի բոլոր հարցերին ի պատասխան՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ որեւէ բանից տեղյակ չէ: «Ես էլ իրեն հարց եմ տվել՝ ասել եմ, պարոն նախարար, որ տեղյակ չեք, կարո՞ղ է հունվարի 17-ին էլ գաք ու ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, ետ գնացեք»,- ասաց Արթուր Սարգսյանը՝ հավելելով, որ այս խնդիրներն են Սյունիքի համայնքապետերին ստիպել միավորվել եւ դուրս գալ իշխանությունների դեմ: Արթուր Սարգսյանը հավելեց, որ այդ հանձնարարականի արդյունքում ՀՀ ԶՈՒ-ը 25 կիլոմետր ետ են եկել՝ Գորիսի Խնձորեսկի եւ Կապանի հատվածում:

Մայիսի 23 հունիսի 8-ը Արթուր Սարգսյանը ավագանու անդամների, տարբեր համայնքների ղեկավարների հետ սահմանի պաշտպանություն են իրականացրել, եղել են Իշխանասարի հատվածում. «Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սեւ լճից վերեւ, Իշխանասարի հատվածում»: Նա վստահեցնում է, որ անվտանգության առումով որեւէ դրական տեղաշարժ չի եղել:

Հարց հնչեց՝ ի՞նչ մասնակցություն եք ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ, գուցե ուղղորդե՞լ եք քաղաքացիներին: «Ոչինչ չի կազմակերպվել, ամեն ինչ եղել է ինքնաբուխ, ես այնտեղ եմ եղել եւ մասնակցել եմ»,-պատասխանեց Արթուր Սարգսյանը: Իսկ թե ինչո՞ւ նախընտրական շրջանում սյունեցիներն այլ կերպ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, Արթուր Սարգսյանն ասաց, որ իրավիճակն այլ էր:

«Սյունիքի համայնքի ղեկավարները դեմ են եղել իշխանություններին՝ Սյունիքի սահմանային խնդիրների հետ կապված: Այդ խնդիրները եթե լուծվեին, մենք, բնականաբար, դուրս կգայինք՝ կասեինք՝ ապրեք՝ լուծել եք: Այդ խնդիրներից որեւէ մեկը չի լուծվել»,- ասաց Արթուր Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ իրենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բազմաթիվ հարցեր են առաջադրել իշխանություններին, որ հետագայում խնդիրներ չառաջանան, բայց դրանք անտեսվել են, ինչի արդյունքում, մայիսի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումն անարգել մտել է Սյունիք ու մինչ այսօր մեր հողում են:

Ինչ վերաբերվում է իր դեմ հարուցված քրեական գործին, Արթուր Սարգսյանն ասաց՝ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, դա համարում է քաղաքական հետապնդում. «2016-2021 թվականը պաշտոնավարել եմ Սիսիանում. այդ ընթացքում մոտ 4 միլիարդի սուբվենցիոն եւ տարբեր այլ ծրագրեր եմ իրականացրել, 237 գնումների մրցույթ է կատարվել, ՊՎԾ-ն եւ տարբեր կառույցներ ստուգել են ու մեկ լումայի խախտում չի հայտնաբերվել. ինչպե՞ս է, որ այդ 4 միլիարդի մեջ չհայտնաբերեցին, 2016-ի դեկտեմբերի մեջ 3 միլիոն հայտնաբերեցին: Իսկ եթե գուցե արել եմ՝ քրեական գործը կավարտվի՝ կտեսնենք՝ արե՞լ եմ, թե՞ չեմ արել»: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ընտ գնումների ընթացակարգի է եղել եւ ինքը որեւէ ընկերության նախապատվություն չի տվել:

Իսկ Մեղրիում, Գորիսում տեղի ունեցած ընտրությունները նա համարում է իրականության արտացոլումը: Նա վստահ է, որ կապանցիներն էլ ճիշտ ընտրություն կկատարեն եւ կընտրեն Գեւորգ Փարսյանին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031