«Իմ մտքով էլ է անցել այս նախագիծը եւ ոչ մեկ անգամ։ Երբ փոքր բժշկական կենտրոնի տնօրեն էի, զարմանում էի, թե ոնց կարող ենք այդքան օր հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով հունվարի 2-5-ը եւ հունվարի 7-ը դառնում են աշխատանքային օրեր։ «Զարմանալի է, որ անգամ նման պարզ ու տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվող օրենքների քննարկումներում շատ էժան շահարկումներ ենք անում, քրիստոնեական արժեքների ու ավանդույթների մասին խոսում»,-նշեց Արսեն Թորոսյանը։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը, որն այսօր բարձրաձայնել էր, թե նման նախագծով կառավարությունն ուզում է մարդկանցից խլել ավանդական տոնը նշելու հնարավորությունը, մեռելոցի օրը, տեղից անհամաձայնություն հայտնեց։ Ի պատասխան Արսեն Թորոսյանը ձեռքերը գրպանը դրած ասաց՝ «հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն»։ Դահլիճից Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Հա, շատ հարցեր կան»։ Արսեն Թորոսյանն ավելացրեց․ «Ի տարբերություն շատերի՝ ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը»։
Կարդացեք նաև
ՔՊ-ից Արփի Դավոյանն էլ կարծիք հայտնեց, որ նախագիծն էժան քաղաքական շահարկումների առիթ դարձավ․ «Առաջին անգամ եմ լսում, որ կարելի է տոնը գողանալ»։
«Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանն էլ անդրադարձավ Արսեն Թորոսյանի ելույթին․ «Քրիստոնյաներին դասեր տալը բարոյական չէ։ Մենք հիշում ենք ձեր ասածները, որ կորոնավիրուսը սովորական գրիպ է։ Իսկ դուք, պարոն Պապոյան, տիկին Դավոյան, հանգիստ եղեք, որովհետեւ եթե պոպուլիզմի եւ դեմագոգիայի մրցույթ լինի, դուք հաստատ կհաղթեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ