Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ գնալիս պայուսակումս էր այս գիրքը»․ Քերոբյանի հիմնավորումը, թե ինչու պետք է հունվարին աշխատել

Հոկտեմբեր 26,2021 11:12

«13 ամիս առաջ այս դահլիճում հայտարարվեց ռազմական դրություն, եւ ես ու եղբայրներս գնացինք զինկոմիսարիատ։ Ես տեսել եմ ամեն օր, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել այդ պատերազմին։ Որպես մարդ, բանակ եւ երկիր՝ 26 տարում չենք կարողացել ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ անգամ ամենահայրենասեր մարդը, լինելով անպատրաստ, դառնում է երկչոտ ու խոցելի․ «Այնպես ստացվեց, որ պատերազմ գնալիս պայուսակումս էր այս գիրքը՝ Մալքոլմ Գլեդվելի «Յուրահատուկները․ հաջողության պատմությունը»։ Սա պատմություն է այն մասին, թե որքան կարեւոր է ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում եւ մի շարք այլ երկրներում՝ ֆուտբոլում կամ հոկեյում հաջողության հասնելու համար։ Այն մասին է, թե Սթիվ Ջոբսի եւ Բիլ Գեյթսի հաջողության համար որքան կարեւոր է եղել այն հանգամանքը, որ նրանք ծնվել են 1955թ․-ին»։ Քերոբյանի բնորոշմամբ՝ պատահականությունները թեեւ կարեւոր են, բայց գրքի ամեն տողն աշխատանքի մասին է՝ որպես հաջողության հասնելու ամեն ձեւ։

Նշենք, որ Վահան Քերոբյանը զեկուցում էր «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով հունվարի 2-5-ը եւ հունվարի 7-ը դառնում են աշխատանքային օրեր։ Վերոնշյալը շեշտելով՝ նա ասաց, որ նախագիծը պարզապես տեխնիկական փոփոխություն չէ, այլ քաղաքակրթական նախագիծ է, որով խորհրդարանը պետք է ազդարարի աշխատանքով հաջողության հասնելու միակ ճանապարհի մասին։

Քերոբյանը խոսքն ավարտեց գրքից չինական ասացվածքի մեջբերմամբ՝ չկա մեկը, որը կարող է տարվա բոլոր օրերը սկսել աշխատել արեւածագից առաջ, եւ որի ընտանիքը չի դառնում հարուստ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեգնեց՝ հիրավի շատ կարեւոր նախագիծ է, որովհետեւ մինչեւ այս չգիտեին, որ պետք է աշխատեն․ «Տպավորություն է, որ գրքից ձեր մեջբերումները նախագծի հետ կապ չունեն այն իմաստով, որ մինչեւ հիմա կառավարությունն ու ԱԺ-ն գոնե ձգտել են աշխատանքային օրերը վերածել աշխատանքային մթնոլորտի։ Դուք ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության մասին, բայց այս նախագիծը շատ գործարարների, որոնք հանգստյան գոտիների եւ ժամանցի վայրերի աշխատանքն են կազմակերպում, դժգոհում են, որ 1-2 օր կրճատելով՝ նրանց եկամուտից ահռելի գումար եք կրճատում։ Հասկանալի չէ, թե տնտեսապես մեզ ինչ է տալիս այդ երկու օրը աշխատելը»։

Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Մեր հարցումները հակառակն են ասում։ Այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք հույս ունեն, որ ամանօրյա արձակուրդների ժամանակ պետք է ավելի շատ գումար աշխատեն, ուրախ են, որովհետեւ մարդկանց մեծ մասը տոներին ՀՀ-ում կմնա, երկրի ներսում կճամփորդի, չի գնա արտերկիր։ Մեր հաշվարկներով՝ սրա արդյունքում կաճեն առեւտուրը եւ ՀՆԱ-ն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031