Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում. տնտեսագետ Կառլեն Խաչատրյան. «Փաստ»

Հոկտեմբեր 26,2021 09:30

Հայաստանում շարունակվում է գնաճ արձանագրվել, ինչի մասին են վկայում նաև հրապարակված պաշտոնական ցուցանիշները: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսությունում գնաճային ֆոնը բավականին սուր է արտահայտված ոչ միայն վերջին 1-2 ամիսների ընթացքում, այլ դեռ նախորդ տարվանից:

«Մենք դեռևս 2020 թ. դեկտեմբերից լուրջ գնաճային ճնշում ենք նկատում տնտեսության մեջ, որը, ի հեճուկս Կենտրոնական բանկի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների, կիրառվող տարբեր գործիքների, այդուհանդերձ, չի մարում: Ըստ էության, գնաճի տեմպերը տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների արդյունք են: Սա ակնհայտ է, մանավանդ երբ այդ ամենին նայում ենք ժամանակի դինամիկայի մեջ: Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով գնաճի զսպման հնարավորություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում ԿԲ-ն, ըստ իս, իր ողջ գործիքակազմն այս ընթացքում կիրառել է: Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում տեսանք, մի քանի անգամ դոլարային ներարկումներ են եղել տնտեսության մեջ և այլն: Այսինքն, մեծ հաշվով, ԿԲ-ն իր գործիքակազմի շրջանակներում փորձում է գնաճը կառավարելի դարձնել:

Բայց քանի որ տնտեսությունում տեղի ունեցող խորքային բացասական գործընթացները թույլ չեն տալիս, որպեսզի գնաճը մեղմվի, ստացվում է, որ ԿԲ-ի կիրառած գործիքակազմն ու վարած քաղաքականությունը ևս բավարար արդյունավետություն չունեն: Այստեղ շատ կարևոր է, որ միայն ԿԲ-ն միայնակ չպայքարի գնաճի դեմ, այլ կառավարությունն էլ իր գործիքներով տնտեսական որոշակի կանխատեսելի քաղաքականություն իրականացնի, որը, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ, կառավարությունը պարտավոր է որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորել, որը կրկին վարվող տնտեսական քաղաքականության շրջանակներում չի իրականացվում»:

Իսկ թե ինչ նկատի ունի տնտեսագետը, երբ մատնանշում է խորքային բացասական գործընթացների մասին, մանրամասնեց. «Այստեղ ամենակարևորը բացասական սպասումներն են, որոնք ձևավորված են հատկապես անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում: Այսինքն, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակ քաղաքացիների պարագայում մենք գործ ունենք անվտանգային հսկայական անորոշությունների հետ: Այդ անորոշությունները, ուզենք, թե ոչ, որոշակի սպասումներ են ձևավորում: Նույն բիզնեսը երաշխիքներ է ուզում իր անվտանգ, անխափան ու բնականոն աշխատանքի համար, իսկ այդ երաշխիքները պետությունը չի կարողանում տրամադրել:

Անվտանգային բաղադրիչից բացի, կարող ենք նաև նշել քաղաքական կայունության խնդրի մասին:Բոլորս տեսնում ենք քաղաքական այն անկայուն վիճակը, որն առկա է մեր երկրում, ինչն իր հերթին ևս անորոշություններ է ստեղծում: Բացի այդ, կան սոցիալական խնդիրներ, որոնք օրըստօրե ավելի են խորանում: 6 կամ անգամ 8 տոկոսանոց գնաճն այդքան խնդրահարույց չէր լինի, եթե դրան զուգահեռ մարդկանց եկամուտները գոնե ինչ-որ իմաստով աճեին, բայց փոխարենն ունենք մարդկանց եկամուտների առնվազն չբարձրացում, որոշ դեպքերում՝ անգամ նվազում: Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ տեմպով են աճել, ինչի հետևանքով օբյեկտիվորեն տնտեսության մեջ սոցիալական խնդիրներ են առաջացել, որոնք այդպես էլ չեն հաղթահարվում»:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին ու այդ ոլորտում նաև բյուջեով նախատեսվող ծախսերին՝ Կառլեն Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարի կրկին աճել է: «Թեև այս տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում: Պետության կողմից տրամադրվող նպաստների կամ բազային կենսաթոշակների ինչ-որ չափով բարձրացումը չի կարող այդ խնդիրը լուծել, այլ քայլեր են անհրաժեշտ: Նախ՝ պետք է ֆիքսենք, որ նույն նպաստների կամ կենսաթոշակների բարձրացումն իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին, ինչ-որ իմաստով՝ նաև պարտքային ռեսուրսների հաշվին»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031