Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբավանքի վերականգնումը պատվի հարց է (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հոկտեմբեր 25,2021 20:40

Պատերազմից հետո Արցախի պատմամշակութային ժառանգությունից մի հսկայական զանգված՝ ավելի քան 1500 անուն հուշարձան, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 4 մատուռ, 536 խաչքար… Կորցրել ենք նաեւ կամուրջներ, գերեզմանատներ, բերդեր, ինչպես նաեւ 12 թանգարան: Մենք այլեւս մուտք չունենք Շուշիի սուրբ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Հադրութում գտնվող Կատարոյի վանք, հիմա արդեն նաեւ՝ Դադիվանք…

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ այդ 1500 հուշարձաններից 90-ը կա՛մ հիմնահատակ ոչնչացվել է, կա՛մ այնպես է ձեւախեղվել եւ յուրացվել, որ հայկական հետքը վերացվել է, «աղվանացվել»:

Մշակութային պատերազմի պայմաններում հայկական մնացած Արցախի տարածքում գտնվող ցանկացած հուշարձան է՛լ ավելի մեծ արժեք եւ խորհուրդ ունի: Այսօր մի խումբ նվիրյալներ նախաձեռնել են Քոլատակ գյուղի մոտ գտնվող խոնարհված եկեղեցու՝ 7-9-րդ դարերում կառուցված Հակոբավանքի կամ Մեծառանց վանքի վերականգման աշխատանքները: Այսօր այդ վանքը ոտքի կանգնեցնելն, ըստ էության, պատվի հարց է:


Հակոբավանքը գտնվում է հրաշք բնության գրկում՝ սարերի եւ անտառների մեջ: Դեմ դիմացը հայտնի Կաչաղակաբերդն է: Այս եկեղեցին իսկական ուխտատեղի կարող է դառնալ ոչ միայն հայ, այլ ցանկացած քրիստոնյայի համար:

Դիմացի սարին Կաչաղակաբերդն է

Արցախի բնությունն անզուգական է

Կաչաղակաբերդը՝ հեռվում՝ Հակոբավանքին դեմ հանդիման:

Հակոբավանքից բացվում է տեսարան դեպի մոտակա Քոլատակ գյուղ:

Նախագիծը, որ ReArmenia հարթակի ջանքերով է կյանքի կոչվելու, կրում է «Հակոբավանքի վերածնունդը» անունը:
Նախագիծն իրականացվելու է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից։ Նախաձեռնողներն ու համագործակցողները Արցախի կառավարությունն ու Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն են։ Վերականգնման աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնելու է ճարտարապետ Սամվել Այվազյանը, որը տրամադրել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը։

Նկատենք, որ ճարտարապետ Սամվել Այվազյանն ավելի քան 30 տարի զբաղվել է վանքերի վերականգնմամբ՝ մասնավորապես Դադիվանքի, Սաղմոսավանքի, Թադեի վանքի, Ծործորի վանքի, և Ջուղայի Հովվի եկեղեցու։ «Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն, իտալացի ճարտարապետ և էքսպերտ Գայանե Կազնատին՝ փորձագիտական խորհրդատվություն։ Նախագծին են միացել միջազգային փորձագետներ, անհատներ ու կազմակերպություններ, որոնք հասկանում են այս խնդրի հրատապությունն ու կարեւորությունը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացնում է Հակոբավանքի պատմությունը

Տեսանյութում ճարտարապետներ Սամվել Այվազյանն ու Աշոտ Հակոբյանը ներկայացնում են Հակոբավանքի պատմության որոշ դրվագներ:

Նախագծի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 23-ին, երբ ՌեԱրմենիայի թիմը մի խումբ լրագրողների հետ այցելեց Արցախի Հակոբավանք, որտեղ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնեց այս նախաձեռնությունը եւ կոչ արեց համայն հայությանը՝ միանալ այս ազգապահպան եւ մշակութապահպան նախաձեռնությանը:

Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Հակոբավանքում

Հակոբավանքի համալիրի հոգևոր կառույցների վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 110 մլն ՀՀ դրամ։ Աշխատանքներն իրականացվելու են երեք տարում՝ երեք փուլով: Առաջին տարում վերակագնվելու է հյուսիսային եկեղեցին (2022 թ. ապրիլ-նոյեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 30 000 000 ՀՀ դրամ։ Երկրորդ տարում վերականգնվելու է արևելյան եկեղեցին (2023 թ. ապրիլ-հոկտեմբեր)։ Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 35 000 000 ՀՀ դրամ: Երրորդ տարում վերակագնվելու են գավիթը և սյունասրահը (2024 թվականի ապրիլ-հոկտեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 45 000 000 ՀՀ դրամ:

Նկատենք, որ դեպի Հակոբավանք տանող ճանապարհը մեծ մասը՝ մինչեւ Քոլատակ գյուղ, վերանորոգված էր մի բարերարի միջոցներով: Սակայն Քոլատակից մինչեւ Հակոբավանք ճանապարհը բավականին անմխիթար վիճակում էր, թեեւ տեղացիներն ասում էին, որ մինչեւ վերջերս ընդհանրապես ճանապարհ չկար: Եթե Հակոբավանքը վերականգնվի, ճանապարհի վերանորոգումն էլ է հրատապ: Իսկ Հակոբավանքն իրականում պարզապես հերթական մի վանք չէ, թեեւ չի վայելում այդպես խոսել Աստծո տան մասին: Այն մեծ պատմություն եւ զորություն ունեցող վանք է:

Հակոբավանքի եկեղեցին հսկող Մխիթար Գաբրիելյանը

Հակոբավանքը կամ Մեծառանաց վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում (5-7դարերում): Իսկ հիմնական կառուցապատումն իրականացվել է 12-13 դարերում: Դարեր շարունակ եղել է Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ Եղել է եպիսկոպասանիստ և կաթողիկոսանիստ վանական համալիր: Եղել է նաեւ ուսման և դպրության կենտրոն, ունեցել է կրթական կառույցներ՝ գրատներ, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարան։ Համալիրն ունեցել է նաև աշխարհիկ կառույցներ՝ բուխարիներով տաքացվող բնակարաններ, մթերանոցներ, սեղանատուն, ախոռներ, պահակակետեր, ջրավազաններ և թոնիրներ: Դրանք ամբողջովին փլուզված են և ծածկված հողով ու փլատակներով:

Համալիրի տարածքում կան 40-ից ավելի վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ, ավելի քան երկու մետրանոց տապանաքարեր, որտեղ թաղված են Ոհանէս, Առըստակէս, Սիմէոն կաթողիկոսները և Սիմէոն, Վարդան եպիսկոպոսները։ Հակոբավանքի պատերի ներսում է հայտնաբերվել հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։

Հակոբավանքը ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական և մշակութային նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Երեք դար շարունակ վանական համալիրում չի իրականացվել վերանորոգման ոչ մի աշխատանք, ինչի պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Ուստի՝ վերականգնելով համալիրը՝ մենք վերականգնում ենք անցյալում թողած մեր պատմությունը, որն այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել՝ անվանելով աղվանական։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031