ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ:
Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին եւ կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:
Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարեւորելով Կիպրոսի հետ տնտեսական եւ զբոսաշրջային համագործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ