Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում՝ «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում անցկացվեցին համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հոբելյանը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում երեք աջակից պետությունների միջնորդությամբ, որոնցից մեկը եղել է Վրաստանը:
Երկօրյա ծրագիրը իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։
Միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ:
Կարդացեք նաև
Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:
Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:
Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը: Նա ընդգծեց միջոցառման խորհուրդը:
Հոբելյանական ծրագիրը հոկտեմբերի 24-ին շարունակվեց Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Հագեցած 2-օրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի, Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից:
Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150» հուշամեդալով:
Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը:
Թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը: Օրվա տոնական ոգուն համահունչ` «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի և դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կատարումները, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևայի, պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովի ելույթները: