«Այցը սովորական աշխատանքային է, , քանի որ ՀՀ կառավարությունն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսի բաժնետեր է, եւ մենք, բնականաբար, որպես բաժնետեր, որպես կառավարության ներկայացուցիչներ՝ այսօր եկել ենք ծանոթանալու կոմբինատի գործունեությանը, անելիքներին եւ զրուցել մեր հետագա ընդհանուր ծրագրերի մասին, ունենալու ենք ապագա խորհրդում մեր անդամի հարցը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում գտնվող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա ԶՊՄԿ էր այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԱԺ պատգամավոր, Կապանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ։
Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ի հետ կապված վերջին դատական գործին, որով ԶՄՊԿ 12,5 տոկոսի բաժնետերը պահանջում է չեղյալ հայտարարել կոմբինատի 60 տոկոսի վաճառքն ու 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը, փոխվարչապետը նշեց, որ դա չի խանգարում կառավարության գործունեությանը. «Դա աշխատանքային պրոցես է: Գործընկերները, ովքեր համարում են, որ այդտեղ կան որոշակի ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, եւ բնականաբար դատարանը նրանց կպատասխանի: Մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, եւ մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը եւ ՀՀ շահերը»,-ասաց Պապիկյանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, թե ԶՊՄԿ-ն ազդեցություն է ունեցել նախորդ խորհրդարանական ընտրությունների վրա, Քաջարանում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց, ու արդյոք հիմա կարող է ԶՊՄԿ-ն ազդեցություն ունենալ նոյեմբերին կայանալիք ավագանու ընտրությունների վրա՝ Սուրեն Պապիկյանն ասաց․
Կարդացեք նաև
«Նախկինում ազդեցություն ունեցել է Սյունիքում ընտրությունների վրա, եւ այդ ազդեցությունը գուցե շարունակվում է։ Սակայն տնօրինությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չեզոքացնի բիզնես նպատակով գործունեություն ծավալող ընկերություններին քաղաքականության մեջ մտնելուց, ինչը հակասում է թե իրենց կանոնադրությանը, թե մեր ընդհանուր մոտեցումներին»:
Անդրադառնալով Սյունիքի մարզի մի քանի բնակավայրերում ՔՊ-ի կողմից քիչ ձայն հավաքելու փաստին՝ փոխվարչապետ Պապիկյանը նշեց, որ վերլուծություն անում են։ «Պատճառներն ու գործոնները տարբեր են: Մենք իհարկե մտորելու, վերլուծելու խնդիր ունենք: Մի մասը, իհարկե, արդեն իսկ մեզ համար պարզ է, բայց պիտի հետեւություններ անենք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների մյուս ընտրություններում հաղթանակներ գրանցենք»,-ասում է Պապիկյանը:
Նրա կարծիքով՝ մարզային իշխանությունը բավական ամուր է, կայուն է եւ կանգնած է մեր երկրի, մեր պետականության հիմքում. «Սյունիքում տարածքային մարմինները մշտապես եղել են բավականին ուժեղ եւ վայելել են քաղաքացիների վստահությունը: Կարծում եմ՝ այսօր էլ մեր մարզպետը վայելում է սյունեցիների վստահությունը»,-համոզված է Սուրեն Պապիկյանը:
Անդրադառնալով Տաթեւ-Աղվանի ճանապարհին, որ վարորդները բողոքում են ճանապարհի նեղ լինելուց, Սուրեն Պապիկյանը նշեց, որ ի սկզբանե ճանապարհը նախատեսված է եղել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այժմ իրականացվում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ։ «Ես չէի ասի, թե ճանապարհը նեղ է, կառուցված է բոլոր ստանդարտներին համապատասխան: Խնդիրը իրականում կապված է, այսպես կոչված, Սատանի կամրջի եւ Տաթեւի ոլորանների հետ: Դրան էլ այլընտրանքային ճանապարհի կառուցում մենք արդեն սկսել ենք եւ առաջիկա ամիսներին հաջող աշխատանքի պարագայում մենք կունենանք նոր ճանապարհ»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ