Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել Նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին:
Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։
Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն