Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանգապետին տված ապտակը Իսլամական հեղափոխության պահակազորին հասցված երկրորդ նախատինքն է. իրանական մամուլի տեսություն

Հոկտեմբեր 25,2021 16:58

Իրանի մասին՝ հակիրճ տողերով

*** Ռուսաստանի համբերությունը ևս հատում է:

ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարարն անգամներ շեշտել է, որ Իրանը շուտով միջուկային տեխնոլոգիաների սահմանափակման բանակցությունների սեղանին կվերադառնա: ՄԱԳԱՏէ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ակնարկելով ԻԻՀ-ի արտգործնախարարի կրկնվող պատասխանն՝ իր թվիթերյան էջում գրում է. «ՇՈՒՏՈՎ. որևէ մեկը գիտի գործնականում սա ի՞նչ է նշանակում»:

Ուլյանովը մեկ այլ թվիթով ևս քննադատել է ԱՄՆ վարչակարգին, քանի որ Սպիտակ Տունը Իրանի հետ բանակցության հավանական դրական ելքի համար, մինչև Բայդենի ժամկետի ավարտը երաշխավորություն չի տալիս. նա ակնարկում է Թրամփի վարքագծին, որն Իրանի հետ կնքված 2015 թվականի համաձայնագրից հետ կանչեց իր պետության ստորագրությունը:

*** Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հետ կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի կառավարության «Իրան» պաշտոնաթերթը հաղորդում է (25/10/21), որ նախարար Աբդօլլահյանը շնորհակալություն է հայտնել իրանցի երկու վարորդների ազատ արձակման կապակցությամբ. ցանկացել է, որ երկու երկրների հարաբերությունները բնականոն հուն վերադառնան և հույս է հայտնել, որ Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների զարգացման միջ-կառավարական հանձնաժողովն իր աշխատանքները կաշխուժացնի։ Իրանի ԱԳ նախարարը օրեր առաջ ակնարկելով Հայաստանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցը՝ հույս էր հայտնել, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը ևս Իրան կայցելի և ապա իրանցի նախարարը միջնորդական նոր առաջարկով Հայաստան և Ադրբեջան կմեկնի։

*** Իրանի Իսլամական պետության առաջնորդ պրն Խամենեին, իսլամ կրոնի մարգարեի ծննդյան տոնի առթիվ ընդունել է մի շարք մուսուլման հյուրերի, խոսել է շիա-սուննի դավանանքների միասնականության անհրաժեշտության մասին, պաշտպանել է Պաղեստինի դատը և քննադատել է այն մուսուլմանական երկրներին, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական կապ են ստեղծել։ Լուրին անդրադարձել են այսօրվա բոլոր թերթերը։

*** «FATF-ի ցուցակում մնալը մեր վիճակն ավելի վատացնելու է», ասում է «Աֆթաբ Յազդ» օրաթերթի այսօրվա (25/10/21) համարի տնտեսական մեկնաբանը։ Հարկ է նշել, որ փողերի լվացման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբ-ՖԱԹՖ»-ը, Իրանին դեռ պահում է սև ցուցակում և դրանով սահմանափակում է Իրանի միջազգային տնտեսական գործարքների հնարավորությունը։ Իրանը մերժում է միանալ այդ խմբի աշխատանքներին և չի ցանկանում իր ֆինանսական գործունեությունը թափանցիկ դարձնել։ Այս արգելքը խանգարում է նաև Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

*** Նահանգապետին տված ապտակը Իսլամական հեղափոխության պահակազորին հասցված երկրորդ նախատինքն է։ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նոր նահանգապետի կերած ապտակը Իրանի ԶԼՄ-ների լայն քննարկման նյութ է դարձել։ Իսլամական հեղափոխության նախկին գվարդիական գեներալ Խոռամը, որ նոր է նահանգապետ նշանակվել, մարզկենտրոն Թավրիզում ներքին գործերի նախարարի կողմից հանդիսավոր ներկայացվելու ժամանակ, ներկաներից մեկի կողմից ապտակ ստացավ։

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի այսօրվա՝ 25 հոկտեմբերի խմբագրականը՝ «Սա երկրորդ ապտակն էր» վերտառությամբ խմբագրականում, Իսլամական հեղափոխության գվարդիայի անդամներին գործադիր ուժ փոխադրելու որոշումը համարում է սխալ և քննադատում է իշխանություններին։ Նա ցավ է հայտնում, որ հրապարակային վեճի երկու կողմն էլ գվարդիական են։ Գլխավոր խմբագրի կարծիքով, նահանգապետին տված ապտակը, գվարդիայի երեսին հասցված երկրորդ ապտակ-նախատինքն է։ Առաջինը ստացել են հենց կառավարական պաշտոն ստանալու ժամանակ։ Այս նահանգը համարվում է գերզգայուն շրջան, հարևան է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին։

«Արմանե Մելլի» օրաթերթն իր այսօրվա համարում մանրամասնություն է հրապարակել, հայտնելով որ ապտակողը՝ Այուբ Ալի Զադեն, գվարդիայի գնդապետ է։ Նրա հայրը եղել է Իրան-Իրաք պատերազմի (1980-88 թթ.) քիմիական զենքից վիրավորված, որը վերջերս է մահացել։ Չհաստատված լուրերի համաձայն՝ գեներալ Խոռամը, որպես «Աշուրա» զորքի հրամանատար, մերժել է նրա հոր՝ նահատակ ճանաչվելու համար տեղեկանք տալ։ Մյուս վարկածով ասվում է, որ Խոռամը խանգարել է նշված գնդապետի գեներալի կոչում ստանալու գործընթացը: Խոսվում է նաև նահանգապետի կոռումպացված լինելու մասին: Նահանգապետի պաշտոնական ներկայացման արարողության անվտանգության պետը ևս նույն գնդապետի եղբայրն է եղել:

*** Իրանում բանտարկված երկքաղաքացի Նազենին Զաղարիի բրիտանացի ամուսին՝ Ռիչարդ Ռատքլիֆը, Լոնդոնում հացադուլ է հայտարարել: Նա մեղադրում է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը իր տիկնոջ ազատման համար հարկ եղած աշխատանքը չտանելու համար: Իրանցի տիկին Զաղարին ունի նաև բրիտանական քաղաքացիություն, «Թամսոն Ռոյթերզ» միջազգային կազմակերպության կողմից գործուղվել է Թեհրան և 2016 թվականից լրտեսության մեղադրանքով բանտարկված է Իրանում:

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031