Մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 24-ին, Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Դուբայում կմեկնարկի կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտը: Շախմատային թագը կվիճարկեն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:
30-ամյա Մագնուս Կարլսենը՝ աշխարհի 16-րդ չեմպիոնը եւ ներկայումս աշխարհի լավագույն շախմատիստը, չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2013 թվականին 23 տարեկանում՝ սահմանված ժամանակից շուտ հաղթելով հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Դրանից հետո նա երեք անգամ տիտղոսը պահպանել է նույն Անանդի, Սերգեյ Կարյակինի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ մրցամարտերում: Եթե այս անգամ հաջողությունն ուղեկցի Նեպոմնյաշչուն, ապա աշխարհի թագը Ռուսաստան կվերադառնա 2007 թվականից հետո առաջին անգամ:
Աշխարհի թագի համար մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 24-ին, սակայն գրոսմայստերներն առաջին պարտիայում միմյանց դեմ կնստեն երկու օր անց՝ նոյեմբերի 26-ին:
Մրցամարտի ընթացքում մրցակիցները կունենան հանգստյան հինգ օր:
Կարդացեք նաև
Խաղացվելու է 14 տուր, վերջինը՝ դեկտեմբերի 14-ին:
Եթե դասական շախմատում հաղթողը ի հայտ չգա, ամեն բան կորոշվի դեկտեմբերի 15-ին՝ թայ-բրեյքում:
Մրցամարտը նաեւ կարող է ավարտվել սահմանվածից ժամկետից ավելի շուտ, եթե կողմերից մեկը իր անվան դիմաց գրանցի 7,5 միավոր:
Յան Նեպոմնյաշչին մրցամարտին մասնակցելու է ՖԻԴԵ-ի դրոշի ներքո, քանի որ VADA-ի պատժամիջոցների պատճառով աշխարհի առաջնություններում Ռուսաստանի Դաշնության պետական դրոշն օգտագործելն արգելված է: Այդ կարգը տարածվում է նաեւ շախմատի վրա:
Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի մրցանակային ֆոնդը 2 մլն. եվրո է: Այն հաղթողի եւ պարտվողի միջեւ բաշխվելու է 60/40 հարաբերակցությամբ: Սակայն եթե բանը հասնի թայ-բրեյքին, հարաբերակցությունը կփոխվի՝ դառնալով 55/45:
Եվ վերջին հետաքրքիր տեղեկությունը: Թե Կարլսենը, թե Նեպոմնյաշչին մրցամարտից առաջ որպես կանխավճար ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան 200 հազարական եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ