Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ Հայաստան» ծրագիրը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս զգալու, շոշափելու, վայելելու և համտեսելու այն ամենը, ինչ կարող է առաջարկել Հայաստանը․ ԱՄՆ դեսպան

Հոկտեմբեր 25,2021 16:00

Այսօր պաշտոնական փակման արարողությամբ ամփոփվել են «Իմ Հայաստան» ծրագրի 6 տարվա նվաճումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար անձինք, գործընկերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«Իմ Հայաստան» ծրագիրը գործել է 5 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Տավուշում և Շիրակում՝ կյանքի կոչելով Հայաստանի մշակութային ավանդույթների բազմազանությունը: Այն ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ-ն, իրականացրել է Սմիթսոնյան ինստիտուտը: Ծրագրի առանցքում Հայաստանի պատմական և կենսունակ մշակութային ավանդույթների վավերագրման, տեղական ռեսուրսներն ու մշակութային ժառանգությունը հետագա սերունդների համար պահպանելու կարողության զարգացումն էր: Ծրագիրն աշխատել է նաև ընդհանուր զբոսաշրջային փորձառության բարելավման ուղղությամբ՝ խթանելու այցելությունները դեպի մարզեր, ապահովելու զբոսաշրջային շղթայի աճը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական առաջընթացին:

Արձանագրելով ծրագրի ձեռքբերումները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ողջունել է ներկաներին. «Իմ Հայաստան» ծրագրի նպատակն էր վերաիմաստավորել զբոսաշրջային հարացույցը՝ այն կապելով տնտեսական աճին, մասնավորապես մարզերում այն ծառայեցնելով ողջ ազգի շահերին: Ծրագիրն այցելուներին ու զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնելու և լսելու, այլև զգալու, շոշափելու, վայելելու և համտեսելու այն ամենը, ինչ կարող է առաջարկել Հայաստանը»:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել թե՛ Կառավարության, թե՛ ակադեմիական շրջանակների, թե՛ կազմակերպությունների գործընկերներին և ընդգծել, որ այժմ Հայաստան այցելողներն այստեղից հեռանում են անմոռանալի տպավորություններով:
Ծրագիրը թիրախային մարզերում մշակել և զարգացրել է բազմազանությամբ աչքի ընկնող 129 զբոսաշրջային փորձառություն, որոնք առնչվում են արհեստների և արվեստների տարբեր ճյուղերին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է ծրագրի հովանավորներին և իրականացնողներին՝ հաջող ընթացքի և ավարտի համար, և ասել. «Սա լավ առիթ է, որ մտածենք մեր մշակութային ժառանգությունը կապիտալիզացնելու ուղղությամբ՝ այդ կերպ ևս այն ներկայացնելով և՛ հայ հանրությանը, և՛ աշխարհին: Լիահույս եմ՝ այս ծրագրի շրջանակում իրականացված նախագծերը մոտ ապագայում կունենան իրենց դրական ազդեցությունը տնտեսության աճի և մարդկանց բարեկեցության վրա: Ոլորտը համակարգող գերատեսչության անունից վստահեցնում եմ, որ ամեն ջանք կգործադրվի գաղափարի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ»:
Արհեստագործներին ընձեռված վերապատրաստման հնարավորությունների և ինտենսիվ մենթորության միջոցով ծրագիրը խթանել է նաև արհեստագործական ավանդույթների աճը՝ նոր շունչ հաղորդելով դրանց:

«Իմ Հայաստան»-ն օժանդակել է նաև տասը մարզային թանգարանների, դրանց ծրագրերի արդիականացմանը, ինչպես և մարզային փառատոների անցկացման միասնական համայնքի ստեղծմանը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, ամփոփելով ծրագրի ընթացքը, հավելել է, որ անցած տարիների ընթացքում մշակելով, ներդնելով և խթանելով զբոսաշրջության զարգացման այլընտրանքային մոտեցում՝ ծրագիրը փորձել է Հայաստանը և նրա հարուստ մշակութային ժառանգությունն առավել տեսանելի դարձնել համաշխարհային քարտեզի վրա: Ընդ որում՝ ծրագիրը հաջողությամբ հավասարակշռել է մշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության զարգացման, համայնքների ներգրավման և այլ գործոններ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031