Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր Նարեկի նկարի կողքով անցնելիս անտարբեր լինել չեմ կարողանում, ասում եմ՝ բարև, Նարե՛կ». ուսուցիչները՝ Շուշիում անմահացած հերոս Նարեկի մասին

Հոկտեմբեր 25,2021 15:55

«Մինչև հիմա, երբ Նարեկից խոսում են՝ հնարավոր չէ առանց արցունքի ու հուզվելու: Նարեկը մի լուսավոր, պայծառ տղա էր, հազար ափսոս, բյուր ափսոս»,- Aravot.am-ի հետ զրույցում իր հուզմունքը չկարողացավ զսպել Ծաղկալանջ համայնքի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Էլմիրա Բաղդասարյանը, որտեղ սովորել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում անմահացած հերոս Նարեկ Բադալյանը:

Նարեկ Բադալյանը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ: Նարեկը հոկտեմբերի 6-ին կդառնար 20 տարեկան: Սեպտեմբերի 12-ին եղբայրների նախաձեռնությամբ Ծաղկալանջ գյուղում հիմնվեց Նարեկ Բադալյանի անվան պանթեոն:

Նա գյուղի առաջին հերոսն է: Ծաղկալանջից 44-օրյա պատերազմի ընթացքում ևս մեկ զինվոր է զոհվել: Նա հուղարկավորվել է ընտանեկան գերեզմանոցում:

Ընկերները, բարեկամները, ուսուցիչները Նարեկի մարդկային կերպարը նկարագրելիս միևնույն բանն են ասում. նա խելացի էր, համարձակ, ազնիվ ու մարտնչող: Էլմիրա Բաղդասարյանը Նարեկ Բադալյանին դասավանդել է մաթեմատիկա՝ կարճ ժամանակով: Նարեկը՝ ուսուցչի խոսքերով՝ տարբերվում էր մյուսներից իր ինքնուրույնությամբ և առաջնորդողի կերպարով. «Ընկերների մոտ իր խոսքը նշանակություն ուներ, իր ասածով շատ բաներ կլիներ, ազնիվ, համարձակ էր, թեկուզ վատ բան էլ աներ, չէր թաքցնում, ազնիվ էր: Նա մարտնչող ու առաջադեմ էր: Երևի այդպես էլ պիտի լիներ, Նարեկը չէր կարող սուսուփուս, մի կողմի վրա գնալ, այնպես պիտի լիներ, որ իրենից օրինակ վերցնեին»:

Կշռադատված ու խելացի Նարեկը նաև աչքի էր ընկնում իր ուշիմությամբ: Ուսուցիչներն ասում են՝ անգամ դասը չսովորած լինելու դեպքում այնպես էր դասը ներկայացնում, որ դասարանում ամենաառաջինն էր:

Էլմիրա Բաղդասարյանը հիշում է այն օրը, երբ ուսուցչանոցում իմացավ Նարեկի մահվան լուրը: Սարսափելի էր: Նա արցունքն աչքերին հիշեց. «Ուսուցչանոցում հայտնեցին՝ Նարեկի մասին լավ բաներ չեն խոսում, խնդրում էի՝ մի ասեք՝ ասելով է լինում: Բայց հետո հաստատվեց լուրը: Իմ քեռու տղան էլ է զոհվել. կամավորական էր: Հավասարազոր էր ցավը, բայց քեռուս տղային տարին մեկ անգամ՝ դեպքից դեպք կարող էի տեսնել, Նարեկը մեր աչքի առաջ է մեծացել: Ընդամենը կես տարի առաջ էր դպրոցն ավարտել»:

Ուսուցիչները հիշում են՝ Նարեկն այնպես էր ժպիտը դեմքին մտնում դասարան, որ չէին էլ կարողանում նրա վրա բարկանալ: Այնքան խելացի էր, որ անգամ առանց կրկնուսույցի նա կարող էր բուհ ընդունվել, թեև մտածում էր հայրիկին օգնելու մասին: Սակայն ծառայության ընթացքում որոշումը փոխել էր. պետք է վերադառնար և ուսումը շարունակեր: Բայց, ավաղ, ճակատագիրը դաժան խաղ խաղաց Նարեկի հետ:

Նարեկ Բադալյանի դասղեկ Տաթևիկ Աբովյանը հիշում է՝ Վերջին զանգի արարողության ժամանակ Նարեկը որոշել էր դասղեկի հետ կապված ամեն ինչ ինքն անել: Նա շարունակեց. «Ես էլ խնդրել էի՝ ինձ վերաբերող ոչ մի խոսք չլինի: Նարեկն ուզեց ասել, մի քիչ լավ չստացվեց, հետո ինձ ասաց՝ ընկեր Ալոյան, Ձեր սրտով եղավ, էլի, իմ ուզածով չկարողացա ասել»:

Դասղեկը հիշում է՝ Նարեկը առաջինն էր դասարանում, աչքի էր ընկնում կարգապահությամբ, աշխուժությամբ, ընկերասիրությամբ, հարգանքով, բոլորին ջերմություն էր տալիս: Տաթևիկ Աբովյանի համար հատկապես բարդ է եղել Նարեկի մահվան լուրն իմանալը, քանի որ մինչև այդ էլ իր եղբայրն էր զոհվել: Կրկին հուզվելով՝ ուսուցչուհին հիշեց. «Ամեն զանգի հետ սպասում էի, որ մի բան կասեն: Մի հինգ օր տեղեկություն չունեինք Նարեկից, ուսուցիչները զանգում, հարցնում էին՝ Նարեկից տեղեկություն ունե՞ս: Ես էլ կապը դասարանի աղջիկների հետ էի պահում: Այնպես ստացվեց, որ ինձ զանգեց ուսուցիչներից մեկը, ասաց՝ ճի՞շտ են ասում Բադալյան Նարեկի մասին: Հիմա էլ, որ հիշում եմ, վատ եմ զգում: Այդ պահին բարձր ձայնով գոչում էի, չէի հավատում, երեխաներս վախեցել էին: Ամուսինս էլ գիտեր, ինձ չէր ասել: Հետո իմացա, որ նույնիսկ զանգել, հրաժեշտ է տվել Նարեկը: Խեղճ երեխան շրջափակման մեջ է եղել, արյունաքամ լինելով՝ հույսը կտրել է: Աղոթում էինք, որ սուտ լինի այդ լուրը, գոնե գերեվարված լինի, թեև դա էլ մի բան չէ: Երբ լուրը հաստատվեց, ես մի քանի օր շատ վատ էի զգում. կարծես եղբորս մահը վերապրեցի»:

Նարեկի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ամեն օր դպրոցում Նարեկի նկարի կողքով անցնելիս անտարբեր լինել չի կարողանում, ասում է՝ բարև, Նարե՛կ:

Ուսուցչուհին Նարեկին նկարագրեց՝ որպես վառ, աշխույժ երեխա, անհատականություն: Նրա կարծիքով՝ Նարեկի մեջ հայրենասիրական ոգին եռում էր նաև նրա համար, որ գրականության դասերը՝ հատկապես Ոսկեդարի հետ կապված, մեծ ոգևորությամբ էր սովորում: Իրինա Հովհաննիսյանն ասաց. «Նարեկը, եթե այդքան ոգևորված չլիներ, գուցե այդպես գիտակցված մահվան չգնար: Նարեկը դասին գրեթե տանը չէր պատրաստվում, բայց դասարանում նստած նա դասին անտաբեր մնալ չէր կարող: Թեկուզ ակտիվ, աշխույժ էր, բայց ականջի ծայրով լսում էր, անպայման պիտի արձագանքեր: Ինչքան հայրենասիրական միջոցառում կար, Նարեկը վառ կերպարներով մասնակցում էր: Ինչքան հիշում ենք, մի ուրիշն էր Նարեկը»:

Իրինա Հովհաննիսյանն ասաց՝ Նարեկը երբեք իր կարծիքը չէր թաքցնում, եթե հակադարձում էլ էր, դա անում էր մեղմ ու ժպիտով, կշռադատված:

Միտքը սուր, եռանդուն Նարեկը, ըստ ուսուցիչների՝ մի ուրիշ ոգևորությամբ էր սերտում Ոսկեդարին, Եղիշեին նվիրված դասերը, տպավորվել էր հատկապես պատմական, մորը նվիրված թեմաներով:

Նարեկի ազնվությունը բարձր են գնահատում ընկերներն ու ուսուցիչները: Այս առնչությամ Իրինա Հովհաննիսյանը մի դրվագ հիշեց. «Նարեկը բարձր դասարանցի էր: Մի անգամ կողքովս անցավ, ծխախոտի հոտ առա, թևից քաշեցի, ասացի, Նարե՛կ, ծխո՞ւմ ես, ասաց՝ այո, ընկեր Հովհաննիսյան, ծխում եմ: Էդ ժպիտը հեչ չեմ մոռանում: Ասացի, Նարե՛կ հենց այդպես էլ ասո՞ւմ ես, ասաց՝ այո: Ասաց՝ պապան էլ գիտի: Ասացի՝ չեմ ուզում, որ ծխես, հետ դարձավ, ժպիտով նայեց ու գնաց: Այ, այդքան անկեղծ ու ազնիվ էր Նարեկը…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031