Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրենք Ադրբեջանի համար որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 25,2021 15:20

«Կարծում եմ, դրանով Նիկոլ Փաշինյանն արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռեւանշի գնալու մտադրություններ ունի: Դրանով, կարծում եմ, ասվում էր, որ իրենք Ադրբեջանի համար որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած այն մտքին, որ Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:

Նիկոլ Փաշինյանի ՊԲ-ին վերաբերող դիտարկումներին էլ ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ վերջին երեք տասնամյակում ՊԲ-ի մարտական պատրաստականության միջոցառումների հիմքում եղել է ոչ միայն պաշտպանվելու, այլ հակահարձակողական եւ հարձակողական սցենարից ելնող գործողությունների տրամաբանություն եւ հավելեց, որ գոնե մինչեւ 2018 թվականը ՀՀ ԶՈՒ-երը առաջնորդվել են սկզբունքով, որ տարածաշրջանում հնարավոր են տարատեսակ զարգացումներ եւ ՀՀ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի:

«Ի սկզբանե հանել մեր հնարավոր գործողությունները՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմաքաղաքական ամենատարբեր իրավիճակների համար, ես հիմնավորված չեմ համարում: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, զարգացման, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, դրանք չպետք է լինեն լոկ թղթի վրա գրված հայտարարություններ: Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու եւ առկա իրավիճակին համահունչ զինված ուժերի վերակազմավորումը բավականին բարդ է, եւ ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալ այդ ճանապարհով: Զինված ուժերում ես տեսնում եմ պայմանագրայիններ, սպաներ, ես տեսնում եմ հասարակության մեջ ուժեր, մարդիկ, որոնք կարող են լինել վերակառուցման միջուկը: Ցավոք, ես չեմ տեսնում իշխանություններ, որոնք իրական քայլեր են իրականացնում ՀՀ ԶՈՒ-ը, ՊԲ-ն այդպիսով վերակառուցելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին սպասվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն ու ստորագրվելիք հնարավոր փաստաթղթին՝ 1920 թվականի խորհրդային քարտեզների հիման վրա, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են այդ քարտեզները՝ ՍՍՀՄ Սահմանադրությունների փոփոխությունների համատեքստում եւ հանգել են եզրակացության, որ դրանք բավական խնդրահարույց են եւ ՀՀ իշխանության շտապողականությունը մեզ որեւէ տեղ չի տանելու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց, որ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, սակայն հստակ պաշտոնական տեղեկություններ չկան եւ ընդդիմության գործողությունները միտված են հնարավոր բացասական համաձայնությունները կանխելուն. «Չի կարող իշխանությունն իր թաքուն կեցվածքը շարունակել: Թաքուն ոչ միայն հանրությունից եւ լրագրողներից, այլ նաեւ այն պատասխանատու ինստիտուտներից, որոնք պետք է ներգրավված լինեին: Չի կարող որեւէ փաստաթուղթ, որեւէ քարտեզ հիմքում դրված լինել, եթե Հայաստանի կողմից չկա մանրամասն վերլուծություն»: Արծվիկ Մինասյանի կարծիքով, նաեւ Սփյուռքը պետք է ներգրավվի այս բանավեճի մեջ եւ եթե խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ թաքուն գործարքներ չեն լինելու, բայց գնում է այդ ճանապարհով՝ նա պետք է պատասխան տա:

Հարցին՝ արդյունավե՞տ է նոյեմբերի 9-ին եւ 10-ին դուրս գալ փողոց եւ պայքարել, երբ հնարավոր փաստաթուղթն արդեն ստորագրված է լինելու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ հանրահավաքների մասին իրենք դեռ 20 օր առաջ էին հայտարարել, իսկ նոր զարգացումները չեն բացառում իրենց ծրագրի փոփոխություն: Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ի գործիքակազմում են նաեւ հրատապ միջոցառումները՝ կանխարգելելու համար գործող իշխանության անբացատրելի զիջումները:

«Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները վստահեցրին, որ ցանկացած հակապետական քայլ կանխելու համար իրենք պատրաստ են համատեղ եւ արագ համախմբվելու:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմասնակցե՞ն փողոցային պայքարին, թե՞ ոչ՝ հարցին հստակ պատասխաններ չեղան, բայց բանախոսները վստահեցրին, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահներն այս ընթացքում իրենց վարքով ցույց են տվել, որ պայքարի առաջին գծում են:

Հայկ Մամիջանյանը նաև հավելեց. «Նոյեմբերի 9-ին լինի, 6 -ին, թե 10 -ին՝ ղալաթ կանի որևէ մեկը, մեր երկիրը տանի երկրորդ կապիտուլյացիային։ Մենք մեր ուժերի ներածին չափով պայքարելու ենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031