Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաքին պարտքն ունի 2 կողմ, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ. լավն այն է, որ դրանք արտոնյալ են եւ տոկոսադրույքը ցածր է». Տիգրան Խաչատրյան

Հոկտեմբեր 25,2021 14:35

Այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, խոսելով արտաքին պարտքի մասին, ասաց. «Արտաքին պարտքն ունի 2 կողմ, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Լավն այն է, որ դրանք արտոնյալ են եւ տոկոսադրույքը ցածր է: Վատն այն է, որ արտարժութային է ու չնայած տոկոսները ցածր են, եթե փոխարժեքի փոփոխություն է լինում, այդ պարտքի սպասարկումը մեր հասարակության վրա թանկ է նստում: Դրա համար մենք գտնում ենք, որ պետք է ներքին՝ դրամային պարտքի կշիռը մեծացնենք: 70%-ը արտարժութային է, բայց ավելի ցածր տոկոսադրույք ունի: Դրամային պարտքը մի քիչ շատ ենք վճարելու, բայց վճարելու ենք մեր քաղաքացիներին»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Խաչատրյանն ասաց, որ եկող տարվա համար իրենց տված գնահատականը շատ իրատեսական է, նախատեսվում է ՀՆԱ-ի աճ 7%. «Դրանք կախված են այն ծրագրերից, որոնք նախատեսում է իրականացնել կառավարությունը՝ ենթակառուցվածքային, տնտեսական ու սոցիալական ծախսերն են առաջին հերթին, որ մեծ ուղղորդող նշանակություն պետք է ունենան: Այն հանգամանքը, որ գնաճը հիմա բարձր է, մտահոգիչ է: Այն, որ գնաճը տուգանում է տնտեսական աճը, դա փաստ է»: Նախարարը նշեց, որ դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ ու դա զսպում է տնտեսական ակտիվությունը:

Ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր, մենք գիտեինք, որ այս տարի ավարտվելու է բարձր գնաճային պայմաններում ու ԿԲ-ն ամեն բան անելու է՝ եկող տարի գնաճի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ:

Թե ինչ են անում գնաճը զսպելու համար՝ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ դա ԿԲ-ի գործն է, իրենք իրականացնում են այն ամենը, ինչ իրենց գործիքակազմը թույլ է տալիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031