Լրահոս
Օրվա լրահոսը

«2020-ին ինչո՞ւ այդպես եղավ, որ պաշտպանության բյուջեն 387 մլրդ էր, հիմա դարձավ 345 մլրդ». Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 25,2021 14:22

«2020-ին ինչո՞ւ այդպես եղավ, որ պաշտպանության բյուջեն 387 մլրդ էր, հիմա դարձավ 345 մլրդ, այսինքն՝ անվտանգային սպառնալիքները նվազե՞լ են: Կառավարության ղեկավարն ասաց, որ որոշ գործառույթներ անցնելու են ԱԱԾ-ին, սահմանապահ զորքերին, բայց Սահմանապահ զորքերի բյուջեն գոնե համարժեք չի: Ինչո՞ւ է ոստիկանության բյուջեն 63,8 մլրդ-ից դարձել 66,8 մլրդ»,- այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիտողություն անելով, որ անճշտություն կա կառավարության կայքում տեղադրված պետբյուջեի նախագծի ու ԱԺ ներկայացվածի միջեւ: Մասնավորապես, ԱԺ ներկայացված փաստաթղթից երեւում է, որ կես մլրդ ափսոսացել են տալ Ղարաբաղին՝ միջպետական վարկ տրամադրելու համար:

Գեւորգ Պապոյան

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը վերջին դիտարկման առնչությամբ ասաց, որ եթե նախորդ տարիներին Ղարաբաղին տալիս էին 40-60 մլրդ, հիմա տալիս են 144 մլրդ, այսինքն, ավելացել է ավելի քան 84 մլրդ-ով. «Կես մլրդ-ի մասին խոսելը այս մեծ գումարների մեջ, երբ խոսում ենք, որ 2,5 անգամ ավելացել է Արցախին տրվող աջակցությունը, այդ կես մլրդ-ը շատ տեխնիկական հարց է ու տարեկան ճշգրտումների մեջ մենք շատ ավելի շատ կարող ենք ավելացնել»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ անճշտություն է եղել՝ ուղղել են, չեն ափսոսացել:

Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ որտեղի՞ց է լավատեսությունը, թե ՀՆԱ-ն 7% կաճի. «Թերակատարումը էական է, ի՞նչ պիտի փոխվի, որ կատարողականը մեծանա: Միայն հանրային ներդրումներով այդքան մեծ աճ հնարավոր չի ապահովել, տեխնիկապես կարող եք դա անել, բայց դա կայուն աճ չի, հասկանում ենք: Եթե հաջողության հասնեիք, կարող էի ասել, բայց մենակ ճանապարհ կառուցելով դա անել՝ խիստ լավատեսական է»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Պետությունը մենակ ճանապարհներ չի սարքում, բազմաթիվ բաներ կան: Կառավարությունը ծրագրում հայտարարել է, որ այսուհետ ՀՆԱ-ի 5-6%-ի չափ ծախսեր պետք է կատարի ենթակառուցվածքներում, դրանք կլինեն սոցիալական նշանակության, թե տնտեսական նշանակության ենթակառուցվածքներ: Մենք պետք է այսօրվանից ամեն ինչ անենք, որ 350-400 մլրդ դրամ կապիտալ ծախսերը իրականացվեն իրենց ծավալներով ու բերեն իրենց օգուտը: Եթե քիչ գրած լինեինք ինչ-որ բան, պետք է ասեք՝ լավ չի, քիչ է: Հիմա գրել ենք այն, ինչ կա կառավարության ծրագրով ու ասում ենք պետք է անենք, ասում եք՝ վատ է, շատ է: Ասում եք՝ ինչի՞ 7%, այստեղ միակ հարցը, որ ԱԺ-ն պիտի տա, եթե մենք 7% տնտեսական աճից հարկեր ենք նախատեսել, կարողանալո՞ւ ենք այդ հարկերն ապահովել, թե՞ չէ: Մենք չենք վախեցել, գրել ենք, դրան համապատասխան ծախսեր ենք նախատեսել: Եթե ինչ-որ պատճառով հարկերը չկարողանանք հավաքել, կգանք կբացատրենք, ԱԺ-ն կա՛մ կհամաձայնի բացատրություններին, կա՛մ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031