Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը առաջարկում է հրատապ թեմայով քննարկում անել՝ ՀՀ եւ Ադրբեջանի շփման գծում առկա իրավիճակի եւ սահմանազատման խնդիրների շուրջ

Հոկտեմբեր 25,2021 14:04

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները վաղը սկսվող քառօրյա նիստերի օրակարգում առաջարկել են ներգրավել երկու հարց. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված միջոցները ՀՀ կառավարությանը փոխանցելու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծում եւ արդարադատության ոլորտում տեղի ունեցող հարցերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում: Այս մասին այսօր ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ընդդիմությունը վաղվա օրակարգում առաջարկել է նաեւ հրատապ թեմայով քննարկում իրականացնել՝ ՀՀ եւ Ադրբեջանի շփման գծում առկա իրավիճակի եւ դեմարկացիայի խնդիրներով: Այս հարցով ենթադրվում է ոչ միայն քննարկում, այլ հայտարարության ընդունում՝ ուղղված միջազգային կառույցներին եւ ՀՀ իշխանություններին՝ իր օրինական-սահմանադրական լիազորությունները կատարելու համար:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին՝ հիշեցրեց, որ այդ շրջանում հիմնադրամի գործունեությունը խիստ կասկած է հարուցում, քանի որ հրապարակումներ եղան այն մասին, որ գումարի կանխիկացումներ են եղել նոր գրանցված ՍՊԸ-ներով, գնումների մեծ մասն իրականացվել է՝ շրջանցելով նախատեսված ընթացակարգը, անգամ ՊՆ-ն, իսկ գնման գինն ու գնվող ապրանքատեսակի անհրաժեշտությունը նույնպես խնդրահարույց էին ու, ի վերջո, խոստացված աուդիտի արդյունքները հիմնադրամի կայքում չեն հրապարակվել, իսկ պատգամավորի հարցմանը հիմնադրամից պատասխանել են, որ դրանք պետք է հաստատվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ հետո հաստատվեն: Ի դեպ, աուդիտ անցկացրած կազմակերպությունը, ըստ պատգամավորի, նույնպես հույս չի ներշնչում, քանի որ չի հանդիսանում աուդիտորական միջազգային կազմակերպության անդամ: Հայկ Մամիջանյանը պնդում է իր կարծիքն այն մասին, որ այս իշխանությունը կոռումպացված է եւ ոչ թե ապիկար ու վստահ է, որ քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունքում այդ միֆը կբացահայտվի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ անդրադարձավ արդար դատաքննության վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, արդար դատաքննության հետ կապված նախկինում էլ են խնդիրներ եղել, բայց վերջին երեք տարիներին դա զանգվածային բնույթ է կրել եւ մի առանձնահատկություն կար, որը գործադիր իշխանությունը վերջին երեք տարում հաստատուն կերպով ի ցույց է դրել՝ զրո հանդուրժողականությունն է դատաիրավական բարեփոխումների եւ դատարանների անկախության մասով: Ամենամեծ խնդիրների առաջին խումբը, որոնք լինելու են հանձնաժողովի խնդրո առարկան, վերաբերում են 2021 թվականի հուլիսին՝ դատարաններում, գործերի համակարգչային մուտքագրման համակարգի առկախումն է իշխանության կողմից եւ համակարգը մինչ օրս մնում է առկախված: Հիշեցնենք, այդպիսով, վերանում է դատական գործերի մասով դատավորների մակագրման համակարգչային եղանակով պատահականության սկզբունքով ընտրելը:

Արամ Վարդեւանյանը համոզված է, որ այդ գործառույթի կյանքի կոչման ժամանակահատվածը պատահական չէր ընտրված իշխանության կողմից: Համակարգը ներդրվել է 2013-14 թվականներին եւ գործել է անխափան ու ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է, որ 2021 թվականին, երբ տեխնոլոգիաներն առավել զարգացած են, համակարգը խափանվում է: Նա նաեւ չի հասկանում այն միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների անտարբերությունն այս հարցի նկատմամբ, երբ ժամանակին համակարգի ներդրումը ոչ միայն ողջունել էին, այլ օժանդակել դրան: Այդ համակարգի գործունեությունն Արամ Վարդեւանյանը համարում է դատարանների անկախության ապահովման կարեւոր հիմք:

Քննիչ հանձնաժողովում քննության առարկա կդառնան նաեւ արդարադատության նախարարության կողմից դատավորների դեմ հարուցված քրեական վարույթների հարցերը, որոնք մեծ թափ են ստացել 2020 թվականի նոյեմբեր ամսից, քանի որ այդ ժամանակվանից սկսած իշխանության համար, ըստ Արամ Վարդեւանյանի, սկզբունքային հարց էր կալանքների ֆետիշացումը, ինչը արդյունք չէր ապահովում՝ դատավորների անաչառ եւ անկախ գործունեության արդյունքում: Արամ Վարդեւանյանը չի հասկանում, թե ինչպես է պատահում, որ հայտնի դատավորներ Արմեն Դանիելյանի, Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Մհեր Արմաղանյանի նկատմամբ չկան կարգապահական վարույթներ, մինչդեռ դրանք կան դատավորներ Արման Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ազարյանի, Սերգեյ Մարաբյանի եւ այլոց նկատմամբ: Վերջիններս, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած եւ Սյունիքի համայնքապետերին եւ ընդդիմադիր գործիչներին կալանավորելու որոշումներ չկայացրած դատավորներն են, իսկ մինչ այդ թվարկված դատավորները՝ տարբեր գործերով, իշխանության քիմքին հարմար որոշումներ են կայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031