Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը հաստատեց՝ 2022-ին ավելի վատ ենք ապրելու, քան 2021-ին, իսկ պարգեւավճարները հանելու մասին խոսք չկա

Հոկտեմբեր 25,2021 13:33

Այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց. «Նպաստը նախորդի համեմատ չի ավելացել, թոշակները չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի ավելացել, պետական ծառայողների բազային աշխատավարձը չի ավելացել: Բայց 2022-ի բյուջեում դնում եք մոտ 5,5% սպառողական գների բարձրացում: Զբաղվածության ծրագրերը 25%-ով կրճատում եք, հաղթահարե՞լ եք գործազրկության խնդիրը: Դուք չեք բարձրացնում անապահովության նպաստի չափը: Կենսապահովման նվազագույն թոշակը ավելացնում եք 2000 դրամ, որը մենակ այս ընթացքում 2 շիշ ձեթի թանկացմանը կբավարարի: Նվազագույն կենսապահովման զամբյուղը 70 հազար դրամը հատել է մեկ անձի չափով, նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է: Ինչո՞ւ գոնե նվազագույն չափով այս խնդիրները հաշվի առնված չեն պետբյուջեում: 2021-ին աշխատող աղքատները, ծայրահեղ աղքատները ավելի վատ են ապրել, քան 2020-ին, որովհետեւ գները աճել են եւ խժռել: Այս պարագայում դուք այդ նույն մարդկանց ասում եք, որ հաջորդ տարի դուք ավելի վատ կապրեք, քան 2021-ին, բայց դրա հետ միասին ճանապարհներ կկառուցենք, դպրոցներ կկառուցենք: Ի վերջո, մենք Սահմանադրությամբ սոցիալական պետություն ենք ու սոցիալական խնդիրները պետք է լինեն թիվ մեկ փաստաթղթում լուծելիք հարց»:

Նա նաեւ հարցրեց՝ պարգեւատրումները կարո՞ղ է հանկարծ կրճատվեն, կամ ուղղվեն այլ ծախսերին, նպաստների բարձրացմանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ պետբյուջեի նախագծում ռիսկերը կան, թե դրական, թե՛ բացասական, ուստի երբ նախատեսում են որոշակի ծախսեր, նախատեսում են, որ այդտեղ կա ռիսկ. «Երբ որ մենք խոսում ենք գնաճի հաշվին մարդկանց բարեկեցության իջնելու մասին, իհարկե, դա այդպես է: Իսկ ինչի՞ միայն պետբյուջեի հաշվին աշխատավարձ ստացողները, մասնավոր հատվածում այն մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում, նույն գնաճի հաշվին չե՞ն տուժել: Տուժել է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, եւ ՀՀ-ում աշխատավարձ ստացող ամբողջ բնակչությունը: Գնաճը այդպիսի բան է՝ բոլորն են տուժում: Եկող տարի գնաճի չափով բոլորը հավասար պայմաններում նույն անվանական աշխատավարձը կամ նպաստը ստանալով՝ ավելի քիչ իրական գնողունակություն են ունենալու, սա հայտնի փաստ է: Գնաճի պայմաններում ավելի վատ պայմաններում ենք լինելու մենք բոլորս, դա մեր տնտեսության վիճակն է»: Նա ասաց, որ չենք կարող ազդել ներկրվող սննդամթերքի գների, նավթամթերքի գների իջեցման վրա:

«Մենք ասել ենք, որ եկող տարվա ընթացքում չնայած դժվար պայմաններում լավագույն եկամուտները օգտագործվելու են զարգացման ծրագրերի վրա՝ հետո սոցիալական խնդիրներ լուծելու համար: Ոչ մեկի համար հաճելի չի ասել, որ աշխատավարձ, նպաստ չենք բարձրացնում այս անգամ: Կան հայտնի անելիքներ, այդ թվում սոցիալական ոլորտում, որոնց առաջիկայում մենք անդրադառնալու ենք»,- ամփոփեց նախարարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031