Նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
ՀՅԴ-ն ներկայացրել է թեկնածուների 14 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը, ցուցակի 2-րդ տեղում անկուսակցական ձեռներեց Ռաչիկ Եպիսկոպոսյանն է, 3-րդ տեղում՝ Գանձաքարի դպրոցի ուսուցուհի, ՀՅԴ անդամ Արմինե Դովլաթբեկյանը:
Վահան Ղազումյանը ծնվել է 1984 թվականին Իջևան քաղաքում: Սովորել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որից հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սոցիալ – մշակութային ծառայության և զբոսաշրջության բաժինը:
Ղազումյանը զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, իսկ 2021 թվականին հիմնադրել է «Վ. Ղազումյան» ՍՊԸ-ն:
Կարդացեք նաև
Ղազումյանը ՀՅԴ անդամ է դարձել 2004 թվականից, իսկ 2018 թվականից Իջևան քաղաքի ավագանու անդամ է:
Ընտրություններին մասնակցող մյուս ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 56 հոգուց բաղկացած թեկնածուների ընտրական ցուցակ, որը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
Ցուցակի 2-րդ տեղում առաջադրված է Իջևանի համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, 3-րդ տեղում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Մանե Ղազումյանն է։
Ճաղարյանը Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021 թվականի ապրիլի 14-ից:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ