ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունները համատեղ հայտարարել են Covid-19-ի դեմ պատվաստվելու թեմայով կարճ հոլովակների մրցույթ՝ ՀՀ ավագ դպրոցների աշակերտների շրջանում, ընդ որում՝ այդ տեսահոլովակները պետք է լինեն TikTok-ում:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց TikTok, արդյոք դրանով պետական մակարդակով չի՞ խրախուսվում դպրոցականների մուտքն այդ հարթակ: Հարցրինք նաեւ, թե ում գաղափարն է երեխաներին TikTok ուղղորդելը:
Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ համատեղ աշխատանքային խումբ է աշխատել, եւ այդպիսի որոշում է կայացվել: «Կարծում եմ, որ ուղղակի ձեւաչափի մասին է խոսքը, այլ նպատակ չկա»,-ասաց մամուլի պատասխանատուն: Ինչ վերաբերվում է մրցույթին, այն դեռ չի ամփոփվել:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից եւս մեկնաբանություն ստացանք: «Դա ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն է, պատասխանատվության եւ կազմակերպչական հարցերով ԿԳՄՍ նախարարությունն է զբաղվում, մենք ուղղակի մասնակցում ենք, քանի որ քովիդին է վերաբերվում թեման»,-ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը: Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ այդպիսով խրախուսում են դպրոցականների մուտքը TikTok, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Ձեւաչափի եւ ամեն ինչի ընտրությունը, ինչպես արդեն նշեցի, ԿԳՄՍ նախարարությանն է, մենք ուղղակի որպես տեղեկատվության տարածման մեթոդ եւ միջոց ենք ընդունում եւ այդպես ենք վերաբերվում այդ հարցին նաեւ դպրոցահասակների շրջանում, որպեսզի դա առիթ դառնա, եւս մեկ անգամ լսեն քովիդի մասին, տարբերեն տարածման աղբյուրները…Զուտ իրազեկման տեսանկյունից ենք նայում»:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը քիչ անց կապվեց մեզ հետ և տեղեկացրեց, որ նախաձեռնությունը Առողջապահության նախարարությանն է, իսկ կազմակերպչական և մյուս բոլոր հարցերով զբաղվում են երկու նախարարությունները միասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ