Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին

Հոկտեմբեր 25,2021 11:43

«Միհր Վոյաժը», «Կէան կրթամշակութային կենտրոնը» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացրեցին «ԹոնրաՏոն» փառատոնը։

Միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին:

Փառատոնի մեկնարկը տրվեց Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը:

«Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը բացման խոսքում նշեց, որ փառատոնի նպատակն է հանրահռչակել, պահպանել և փրկել վաղ բրոնզի դարից հայտնի հազարաշենները՝ գերանակապ շինությունները:

Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը իր հոգածությունը կցուցաբերի հազարաշեն երդիկավոր կառույցների պահպանման, ճանաչման համար, որպես հայկական մշակութային ժառանգության տիպիկ նմուշների:

Մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ ձեզ ողջունել իմ հարազատ Ծովինարում:

Փառատոները անց են կացվում մարզերում, քանի որ նպատակ ունեն ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երևանից, վերականգնել և պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաև նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու ակտիվացմանը:

Փառատոների դերն անտեսել պետք չէ: Մանավանդ այն փառատոների, որոնք տարածում են հայ ազգային մշակույթը:

Նմանատիպ միջոցառումները առավել քան կարևոր են, որպեսզի կազմակերպվեն, քանի որ ստեղծում են այն հարթակը, որտեղ համախմբվում են համայնքի բնակչից մինչև արտադրող և սպառող, ցույց տալիս սեփական ներուժը, մշակույթը և ավանդույթները:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպչական աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց, ընկերություններին և կառույցներին: Ձեր դերն անգնահատելի է, քանզի անում եք հսկայածավալ և ազգանվեր գործ:

Բոլորիս հաճելի օր եմ մաղթում»:

Փառատոնի ընթացքում մասնակիցներին պարային կատարումներով ողջունեցին «Նուբար» և «Վարք Հայոց» ազգագրական երգի ու պարի խմբերը, որոնց հետ ավանդական շուրջպար բռնեցին նաև Ծովինար համայնքի երիտասարդները:

Փառատոնի մասնակիցները ականատես եղան նաև ազգային ծիսական փոքրիկ հատվածների ներկայացմանը, որոնք էին՝ թոնրի մեջ լավաշ հացի թխման ծեսը, հազարաշեններում կազմակերպվող հարսանեկան ծեսը, երգերն ու պարերը, ժողովրդի ծոցից ծնված խաղերը, տվյալ ծեսերին վերաբերող խոհանոցը, որի ընթացքում «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատրաստեց ավանդական ղափաման՝ որն, ըստ նրա, խորհրդանշում էր մոլորակի խաղաղությունը ինչպես նաև կնոջ պտղաբերությունը:

Ծովինար համայնքում տոնական մթնոլորտը շարունակվեց մինչ ուշ երեկո, որի ընթացքում փառատոնի մասնակիցները ճաշակեցին տեղում պատրաստված ավանդական բազմատեսակ ուտեստներ:

«ԹոնրաՏոն» փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին աջակցել էին նաև Ծովինարի համայնքապետարանը, համայնքի հանրակրթական դպրոցները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031