«Տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական եւ օտարերկրյա ներդրումների համար»,- այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 32%-ով ավելի են ծախսելու, քան 2021-ին՝ հասնելով ավելի քան 278 մլրդ դրամի: Նախատեսված է վերականգնել ու նորոգել 500կմ ճանապարհ, կառուցել ջրամբարներ:
Կրթության եւ գիտության ոլորտում հատկացվող գումարն աճելու է 27%-ով: Կրթական օբյեկտների շինարարության աշխատանքներ են իրականացվելու, նոր ուսումնական հաստատություններ են ստեղծվելու, այդ թվում՝ մոդուլային: 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման, նորոգման փուլում:
Իսկ գիտության ուղղությամբ հատկացվող գումարը նախորդ տարվանից բարձր է լինելու 83%-ով, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելի է 2,5%՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:
Կարդացեք նաև
Փաշինյանն անդրադարձավ նաեւ սոցիալական հարցերին՝ ասելով, որ 2022-ի հունվարի 1-ից նոր ծնված յուրաքանչյուր երրորդ երեխայի համար 50 հազար դրամ կտան՝ մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը. «Հեռու ենք այն մտքից, որ 2022-ի պետական բյուջեն կլուծի մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական, կմնան չլուծված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ