Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԳՄ վերոհիշյալ համագումարից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» ծրագիրը կրկին կյանքի կոչելու հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբերի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել

Հոկտեմբեր 25,2021 10:50

«Մեղրին տալիս են թուրքերին». «Հոկտեմբերի 27-ից» առաջ և հետո այս լուրն էր պտտվում Հայաստանում, Սփյուռքում ամենուրեք, երբ 2001 թվականի գարնանը տեղի էր ունենում Հայաստանի Գրողների միության հերթական՝ 13-րդ համագումարը: Համագումարին ես ներկա եղա միայն վերջին օրը, որն ընթանում էր ՀԳՄ դահլիճում: Մասնակիցների պակաս չկար. Հրանտ Մաթևոսյանը հեռանում էր և պետք է կայանար նոր նախագահի ընտրություն:

Ինչպես նախորդ օրերի մասին էին պատմում, այդ օրը նույնպես, ինչպես հաճախ, գրողների թեժ ելույթները պտտվում էին գրող-գրականություն շրջագծում՝ չխնայելով իրար, երբեմն հասնելով մինչև անձնական տիրույթ:

Այդպիսիք են գրողները, երբ միասին են՝ կռվազան, անհաշտ են իրենք իրենց, միմյանց ու աշխարհի հանդեպ և դա բնական է ու հետաքրքիր: Միայն թե այս համագումարում գրողների մտահոգության կաթսայում աշխարհն ասես չկար: Հարթակից թե դահլիճից նրանք՝ մեկը մյուսին ընդհատելով, բորբոքված բարձրաձայնում էին իրենց փաստարկներն ու որակումներն ընտրվող նոր նախագահի «լավ ու վատ, վատ ու ավելի վատ» թեկնածուների շուրջ և ուրիշ ոչինչ:

…Բեմահարթակի մի կողմում լուռ նստած էր Հրանտ Մաթևոսյանը: Իր խոր տարածքում փակված, մտահոգ ու հեռուները նայող հայացքով ասես համր ֆիլմ էր դիտում՝ ինքն իրեն հարցնելով. «Ինչի մասին և ինչի համար է այս աղմուկը»:

… Վերջին ելույթից հետո ես ձայն խնդրեցի: 1984թ. ԳՄ անդամակցությունից ի վեր դա իմ առաջին և վերջին ելույթն էր (պարզապես նման ցանկություն երբևէ չէի ունեցել):

…Առաջին շարքում օրվա իշխանության աջ ձեռքը՝ դաշնակցական գրողներն էին: Խոսքիս կեսին ներս մտավ նրանց քաղաքական հայացքների առաջատար գրչընկերուհին (թերևս բարձրացված թեմայի մասին լուրը արագ տեղ էր հասել և նա անելիք ուներ):

Ես նախ վրդովմունքս հայտնեցի, որ ՀԳՄ 12-13-րդ համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի Պետականության հիմքերը խարխլող ողբերգական իրադարձությունները՝ լցված անդառնալի կորուստներով, համագումարում չդարձան գրողների մտահոգության ԹԵՄԱ, քննարկում, առաջարկ:

Խոսեցի մասնավորապես՝ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի և անցանկալի հրաժարականի, 98-ի Նախագահական ընտրություններում ժողովրդի սիրելի Կարեն Դեմիրճյանի բացարձակ հաղթանակի բռնազավթման, դավադիր «Հոկտեմբերի 27-ի» կործանարար հետևանքների՝ երկրում տիրող անիրավությունների, պետության ունեցվածքի անբռնազբոս յուրացման և աննախադեպ արտագաղթի մասին: Խոր տագնապս արտահայտեցի նաև Արցախի ազատագրված տարածքների վերադարձի շուրջ շարունակական խոսակցությունների և գրեթե երեք տարի չդադարող, չմարող ԳՈՒՅԺԻ առթիվ, թե՝ Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս է թուրքերին Լաչինի միջանցքի դիմաց:

Ավարտելով խոսքս առաջարկեցի ՀԳՄ համագումարում քվեարկությամբ որոշում կայացնել առ այն, որ «Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանները անձեռնմխելի են և երբևէ, որևէ պետության կամ իշխանության կողմից ենթակա չեն քննարկման»:

Քվեարկությունը տեղի ունեցավ և որոշումն ընդունվեց միաձայն:

Ինձանից հետո հարթակ բարձրացավ Զորի Բալայանը: Ցանկանալով փարատել ներկաների մտահոգությունը կապված արծարծվող հարցի հետ՝ նա ասաց հետևյալը, որ ինքը մոտիկից, անձնապես ճանաչելով Հայաստանի թե Արցախի իր հայրենակից առաջնորդներին՝ կարող է և նրանց անունից երդվել բոլոր սրբություններով, որ նրանք ավելի շուտ վերջ կտան իրենց կյանքին, քան Արցախից կամ Հայաստանից տարածքներ կհանձնեն թշնամուն: Ապա` խոսքը վերջացնելով ասաց բառացիորեն հետևյալը.

– Իսկ եթե պատահի աներևակայելին, և ես տեսնեմ, որ խաբված եմ ապրել՝ կգնամ հորս ու մորս գերեզմանին ներողություն կխնդրեմ և ինքնասպան կլինեմ…

Այս նոտայով էլ ավարտվեց համագումարը: Ես վերցրեցի Տարածքների անձեռնմխելիության մասին որոշման արձանագրությունը և այն անձամբ լրատվամիջոցներին հանձնելու համար շտապեցի դուրս գալ: Դեռ ելքի դռներին չհասած՝ ճանապարհս ուղղակիորեն կտրեց մի կին, ում երբեմն տեսնում էի գրողների տան միջանցքներում, դիմեց ինձ և մի տեսակ անժպիտ ժպիտը դեմքին խնդրեց, որ որոշման արձանագրությունը հանձնեմ իրեն:

Տեսնելով զարմանքս ու տարակուսանքս՝ նա ներկայացավ իր անուն ազգանունով և ասաց, որ գրող-թարգմանիչ է և աշխատում է Գրական Թերթում, միաժամանակ ապահովում է Գրողների միության կապը այլ լրատվամիջոցների հետ, վերջիններիս տրամադրելով նաև ԳՄ կազմակերպած տարատեսակ միջոցառումների մասին պատմող նյութեր: Հավելեց նաև, որ ինքն արցախցի է և շնորհակալ է ելույթիս համար:

Իմ հարցին, թե՝ համագումարի քարտուղարությունը տեղյա՞կ է, որ ինքն է ապահովելու որոշման տարածումը՝ պատասխանեց, թե դա այն թեման չէ, որ ինքնագլուխ գործի: Ես չվստահելու պատճառ չտեսնելով՝ նրան հանձնեցի արձանագրությունը և դուրս եկա:

Թեև ամենուրեք փթթուն գարուն էր, մայիս, սակայն օդում տակավին քարացած էր «Հոկտեմբերի 27-ը»: …Իսկ Հայաստանի Գրողների միության 13-րդ համագումարում «Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության մասին» միաձայն վավերացված որոշումը այդպես էլ չհաղորդվեց կամ չտպագրվեց ոչ հանրապետական որևէ լրատվական կայքում, և ոչ իսկ ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական Թերթում»: Այն պարզապես անհետացավ օրվա իշխանության աղբամանում:

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ» շարքից

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Զորի Բալայանը մասամբ ճիշտ էր՝ Հայաստանի արցախցի և Արցախի նախկին առաջնորդները (ինչպես ամեն մի խմբապետ դեռ Զորավար չէ, այնպես ամեն մի առաջնորդ դեռ Նախագահ չէ) Արցախը հանձնեցին թշնամուն ո՛չ իրենց ձեռքով…

«Հոկտեմբերի 27-ից» 22 տարի անց «Մեղրիի միջանցքի» հայակործան ծրագիրը շարունակում է արտաքին ու ներքին նույն ուժերի կողմից մնալ «բանակցային սեղանին» և շարունակում է նույն տագնապով ալեկոծել հայ ժողովրդին:

ՀԳՄ վերոհիշյալ համագումարից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» գաղտնադավ ծրագիրը կրկին կյանքի կոչելու հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբերի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել, չբարձրաձայնել, մինչև կգար պատեհ պահը՝ Հայաստանը մինչև արմատները «մաշելու», մահամերձ հյուծվածության հասցնելու պահը:

ԱՆԱՀԻՏ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031