Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքի պատասխանը կլինի ռուսների համար առավել զգայուն»

Հոկտեմբեր 25,2021 13:00

«Դժվարանում եմ պատկերացնել համատեղ հավաք, որին ներկա կլինեին քայլիստները, դաշնակցականները եւ, միեւնույն ժամանակ, ես եւ Չուգասզյանը Գարեգինը». «Առավոտի» զրուցակիցն է «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

– Ռուսական պաշտոնական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, որ Հայաստանում դեմ չեն ռուսական դպրոցների վերաբացմանը: Թեեւ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ նման հարց կառավարության օրակարգում չկա, բայց, նկատի ունենալով նախկին փորձը, երբ հաղթում էինք ու պարտվեցինք, երբ հեգնում ու ծաղրում էինք ռուսական ազդեցությունը, իսկ այժմ ամբողջովին այդ ազդեցության տակ ենք, թերեւս արժե զգուշավոր լինել: Ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս եք այս ամենին վերաբերվում, ինչո՞ւ չի լսվում «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության ձայնը:

– Նախաձեռնությունը, դասական իմաստով, կազմակերպություն չէ՝ իր մշտական գործունեությամբ, ղեկավարներով եւ այլն։ Ամեն մեկս իր տեղում կարող է եւ պետք է արտահայտվի, ցանկացած մեկը կարող է ընդհանուր հանդիպման առաջարկ անել։ Դժվարանում եմ պատկերացնել համատեղ հավաք, որին ներկա կլինեին քայլիստները, դաշնակցականները եւ, միեւնույն ժամանակ, ես եւ Չուգասզյանը Գարեգին։ Ավաղ, այսօրվա անջրպետը շատ ավելի խորն է, քան այն, որ կարողացանք հաղթահարել նախաձեռնության ակտիվ օրերին։ Սակայն, որեւէ բարոյապես ընդունելի պատճառ չեմ տեսնում, թե ինչո՞ւ չէր կարելի բացահայտ կերպով վերահաստատել մեր դիրքորոշումը։ Խոսքն, իհարկե, բացարձակ աներկբա մերժման մասին է։ Լավրովի արտահայտությունը, մեծ հավանականությամբ, նաեւ հստակ ուղերձ է Մոսկվայի եւս մի պահանջի մասին. մեռած էշից կաշին քերթելու շարքից, այսպես ասած։ Ճշմարիտ բարեկամները այդպես են վարվում ընկած եւ ծանր դրության մեջ հայտնված իրենց «դաշնակիցների» հետ, այդպես չէ՞:

– Ռուսական, առայժմ, իհարկե, հասարակական շրջանակներից, նաեւ հայտարարություններ են հնչում այն մասին, որ հայերը պետք է ուղղափառություն ընդունեն: Ամեն դեպքում, նման հայտարարությունների հեղինակ գործիչները տարբեր շրջանակների լուրջ աջակցությունն են վայելում: Նկատի ունենալով 2018 թվականից հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ՝ ՀՀ իշխանության կողմից հովանավորվող եւ խրախուսվող դեմարշը, ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել:

– Հայերին «հունադավանացնելու» քաղաքականություն են վարել բյուզանդական կայսրերը, վրաց թագավորները, ռուսաց ցարերը եւ սովետական իշխանությունը։ Մեծ դեմոգրաֆիկ եւ քաղաքական կորուստներով, սակայն հաղթահարել ենք այդ ճնշումը։ Ինչ որ մի ոչնչական Կորոտչենկո եւ մայրամուտին հասած ռեժիմ չեն կարող հավակնել որեւէ հաջողության, կարծում եմ։ Ինձ թվում է սա ավելի շուտ հրապարակայնորեն հայերի «ոչ ճիշտ քրիստոնյա» լինելու փաստը շեշտելու առիթ է, որպեսզի մահմեդական Ադրբեջանին աջակցելու հետ կապված նույնիսկ ռուս հանրության մի մասի հարցադրումները դուրս գան։ Ալիեւի մոսկովյան քսակ Գոդ Նիսանովի մասնակցությունը կրոնական լիդերների հավաքին շատ բան է ասում։ Ահռելի գումարներ են ծախսվել ռուսական էլիտայի բարյացակամությունը գնելու համար։ Հիմա էլ կորոտչենկոների, շեւչենկոների եւ գունդյաեւների պարտքերը փակելու ժամանակն է։

– Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հստակեցման մասին՝ ասելով, որ փոխզիջումներ են պահանջվում եւ, որ դա պետք է արվի ռուսական կողմի մոտ գտնվող քարտեզներով՝ հետխորհրդային սահմաններով: Մեկ անգամ Պուտինն արդեն խոսել էր ծանր լուծումների մասին, արդյունքում՝ պատերազմ, մարդկային, տարածքային հսկայական կորուստներ, փախստականներ ունեցանք, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հայկական տարածքում են, Հայաստանի միջպետական ճանապարհի մի հատվածը ադրբեջանական վերահսկողության տակ է, հայկական սահմանային տարածքներում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ակտիվ ամրաշինական աշխատանքներ են կատարում՝ ՀՀ իշխանության լուռ եւ բանավոր համաձայնությամբ: Է՞լ ինչ փոխզիջումների մասին է խոսքը, իսկ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րը պետք է լինի:

-Քանի որ ներկայիս կառավարությունը պատրաստ է զիջել նույնիսկ ադրբեջանական սպասումները գերադասող բաներ, «փոխ»-ը մի քիչ զավեշտալի է հնչում։ Իսկապես՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րը պետք է լինի։ Այս ուղերձը պետք է դիտարկել ավելի լայն շրջանակի մեջ եւ այն ուղղված է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին, որ առանց Ռուսաստանի «հատուկ դերի» ճանաչման եւ ռուս-թուրք-ադրբեջանական ճանապարհային քարտեզի գոնե մասնակի իրագործման՝ կարգավորումն անհնար է։ Կարծում եմ, հայկական եւ ադրբեջանական կողմին համոզելու կարիք չկա՝ Ադրբեջանը պլանի մասնակից է, իսկ Հայաստանը ամեն բանի համաձայն է։ Արեւմուտքի պատասխանը կլինի շատ արագ եւ, կարծում եմ, առավել զգայուն ռուսների համար։ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հակված չեն Մոսկվայի շանտաժի առջեւ ընկրկելու նույնիսկ մանրուքներում՝ հետեւանքները շատ ծանր կլինեն իրենց համար։

– Ինչո՞ւ է հանրությունն անտարբեր պետականության համար ճակատագրական այս հարցերին, մինչդեռ նախկինների, նրանց թալանի մասին, որոշ դեպքերում անգամ ուռճացված հայտարարությունները, դեռ կրքեր են բորբոքում:

– Սա բարդ հարց է եւ չունի մեկ պատասխան։ Երրորդ հանրապետությունից մի զգալի հատվածի օտարվածությունը, վախը նոր պատերազմից, պարտության հետ կապված շոկը, ցանկացած մոբիլիզացիոն օրակարգի մերժումը՝ այդ թվում քայլիստների առաջարկած եւ այլն։ Սա շատ է նման ուղիղ 100 տարի առաջվա սոցիալական պահանջարկին՝ արդարություն եւ վերջ։ Ըստ որում, արդարության պահանջի կողքին տեղ չի թողած ոչ ազատության, ոչ անվտանգության, ոչ ինստիտուտների անհրաժեշտության ընկալման համար։ Իսկ քայլիստները այդ ֆոնը անխնա շահագործում են 3 տարվա խայտառակ տապալման պատասխանատվությունից խուսափելու, կյանքն այսօր եւ հիմա վայելելու համար։ Որպես պատմաբան ասեմ, որ նման «հոգեբանական փոսը» կարող է եւ բավական երկար տեւել։ Բայց դրա շահագործումը ժամանակի մեջ շատ ավելի սահմանափակված է։ Կամաց-կամաց մեծանալու է ոտքի կանգնելու, բոլոր առումներով «ռեւանշի», զարգացման հետ կապված առաջարկների հանդեպ հետաքրքրությունը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

23.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031