Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանական է, որ խոշոր խաղացողները փոքրերի համար դերեր սահմանեն, ոչ թե հակառակը. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 25,2021 12:30

Երբ մեծ պետությունները սկսում են իրենց սակարկությունները՝ փոքր պետությունները դառնում են մեծերի շախմատային զինվորները

Այս սպիտակ թղթի երկրորդ բաժինը կազմված է հեղինակների դիտարկումներից, առաջարկություններից եւ եզրակացություններից, որոնց համար միայն իրենք են պատասխանատվություն կրում:

Դիտարկումներ եւ նկատառումներ երկարաժամկետ քաղաքականությունների համար

Անմիջական մտահոգության հարցերի շուրջ կարծիքների ամբողջական սպեկտրն առաջին մասում համադրված ներկայացնելուց հետո, հեղինակները երկրորդ մասում առաջարկում են իրենց սեփական դիտարկումներն ավելի լայն միջավայրի վերաբերյալ. միջավայր, որում Հայաստանն ու Ղարաբաղը գործում են, որոշումներ կայացնում եւ ձեւակերպում քաղաքականություններ։ Եթե կրկնենք սույն փաստաթղթի ներածության մի պարբերությունը՝ նրանց հիմնական մտահոգությունն է առաջարկել վերլուծական հեռանկար։ Սա նշանակում է, որ հեղինակները չեն կենտրոնանում քաղաքական կուսակցությունների եւ առաջնորդների միջեւ վիճաբանությունների, տարաձայնությունների ուղղությամբ, ինչպես նաեւ այնպիսի քննարկումների ու բանավեճերի, որոնք հիմնված են քաղաքական-ընտրական մտահոգությունների վրա եւ, ըստ էության, կենտրոնանում են հանրային կարծիքի ու ժողովրդականություն վայելող միտումների վրա։

Հեղինակները գիտակցում են, որ այստեղ ներկայացվող դիտարկումներին եւ դրանց հետեւող առաջարկություններին ու եզրակացություններին անպայմանորեն համաձայն չպիտի լինեն հարցարանին պատասխանած որոշ մասնակիցներ եւ շատ այլ վերլուծաբաններ:
Նրանք ավելի քան գիտակցում են նաեւ, որ պետության որոշ ղեկավարներ ու քաղաքական առաջնորդներ կարող են բազմաթիվ հիմնավոր մտահոգություններ ու վախեր ունենալ, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի մեծամասնությունը այս առաջարկությունները չի ընդունի։
Հեղինակներն այստեղ կարող են միայն պնդել, որ այս փաստաթղթի միակ նպատակը իրատեսական վերլուծություն առաջարկելն է։

Հայաստանի շուրջ առկա միջազգային իրողությունները

Այժմ, ավելի քան երբեւէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է մշակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում, եւ այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության փոխարեն ընդունելու մտածողության ու հայրենասիրական խանդավառության վրա։ Հեղինակները հասկանում են պարտությունն ընդունելու դժվարությունն ու դրանից բխող՝ դավաճանված լինելու զգացումը։ Նրանք նաեւ հասկանում են ռազմատենչ քաղաքականության մասին մտածելու անհագ ցանկությունը, որը խոստանում է վերականգնել կորուստները եւ վերականգնել հպարտության զգացումը՝ համապատասխան հռետորաբանությամբ։

Ավելի կարեւոր է, սակայն, հասկանալ, թե ինչ է փոխվել այս միջավայրում, բացի ակնհայտ կորուստներից։ Ամենից առավել, Հայաստանը պետք է խուսափի սխալ ենթադրությունների եւ ինքնախաբեության վրա հիմնված քաղաքականության մշակումից։
Ակնհայտ է, որ Հայաստանը գործում է մի փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որեւէ աստիճանի վստահությամբ։ Այս փոփոխականությունը կարելի է մասամբ բացատրել ԱՄՆ՝ վերջին տարիների քաղաքականության անկանխատեսելիությամբ, եւ դրա ապակայունացնող ազդեցություններով։ Համաշխարհային հարցերում ԱՄՆ կարեւորությունը հաշվի առնելով՝ սա մի էական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

2020 թ.-ին Ջոզեֆ Բայդենի ընտրությունն, անշուշտ, հնարավորություններ է ընձեռում բացասական միտումների որոշ մասը հետ շրջելու համար։ ԱՄՆ-ում ավելի արհեստավարժ ու ազգային շահերի վրա հիմնված քաղաքականությունների համակցությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունները։ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի, Իրանի եւ աշխարհում այլ թեժ կետերի շուրջ։ Բայդենը կարող է նաեւ ուղղել Մերձավոր Արեւելքի քաղաքականության հետ կապված իր նախորդի լուրջ սխալները։ Այդ տարածաշրջանը կլինի այն հիմնական թատերաբեմը, ուր ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ առաջնորդող դերերի հայտ ներկայացնող այլ երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան ու Իսրայելը, կմրցեն եւ թերեւս նաեւ կհամագործակցեն։ Ի վերջո, Բայդենի վարչակազմն, անկասկած, կվերականգնի գործընկերային մոտեցումը, հատկապես իր դաշնակիցների եւ Եվրոպայի հետ՝ մարտահրավերներին դիմակայելու եւ միջազգային հակամարտությունները լուծելու համար։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, սակայն, կարող են նաեւ ավելի վատ մրցակցության մեջ հայտնվել՝ Նոր Աշխարհակարգի վերաբերյալ իրենց տարբերվող տեսակետների կամ դրանում իրենց դերի պատճառով։ Գոյություն ունեցող լարվածությունները կարող են է՛լ ավելի սրվել։ Կասկածից վեր է, սակայն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի կողմից հայտարարված Նոր Աշխարհակարգը շատ կարճ կյանք ունեցավ, եւ այն սահմանելու ու իրագործելու հնարավորությունը մսխվեց։ Մասամբ սա այն պատճառով էր, որ Արեւմուտքը պնդեց, որ շարունակեն Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու եւ ընդլայնեն ՆԱՏՕ-ն՝ մինչեւ Ռուսաստանի սահմանները, չնայած այն խոստումին, որ ՆԱՏՕ-ն չէր ընդլայնվելու։

ԱՄՆ վերադարձը 1990-ական թվականների իր հեգեմոն դիրքին, անհնար է, որովհետեւ Չինաստանը համաշխարհային կարգի՝ տնտեսական եւ ռազմական մրցակից ուժ է։ Չինաստանի մարտահրավերի դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նրա շահերն առաջ են մղվում տնտեսական ներթափանցման միջոցով եւ հազվադեպ՝ միայն ուժի ցուցադրությամբ կամ կիրառմամբ։ Եվրոպան փորձում է ուղիներ գտնել եւրոպական հսկայական տարածքների ու ձեռնարկությունների ձեռքբերումից Չինաստանի կապիտալը հեռու պահելու համար: Աֆրիկան եւ Հարավային Ամերիկան միջոցներ չունեն դիմակայելու չինական առաջխաղացմանը՝ նույնիսկ եթե դա ցանկանային:

Այսպիսով, պետք է պարզ լինի, որ Հայաստանն ու Ղարաբաղը համապատասխան երկրներից որեւէ մեկի՝ ներառյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար հիմնական մտահոգություններ չեն։ Երբ մեծ պետություններն սկսում են իրենց սակարկությունները՝ հիմնված իրենց ազգային շահերի վրա, ավելի հավանական է, որ փոքր պետությունները դառնան մեծերի շախմատային զինվորներ, եւ ոչ փղեր կամ ձիեր. այն խաղերում, ուր խաղում են խոշոր դերակատարները։ Ավելի հավանական է, որ խոշոր խաղացողները փոքրերի համար դերեր սահմանեն, ոչ թե հակառակը։
Ուստի, քաղաքականություն ու կարծիք ձեւավորողները պետք է սկսեն այն հստակ ըմբռնումից, որ Երեւանն աշխարհի կենտրոնը չէ, եւ Ղարաբաղն աշխարհի շատ երկրների օրակարգի թիվ մեկ հարցը չէ։ Քաղաքականություն մշակելիս, լինի արտաքին, թե անվտանգության քաղաքականություն, նրանք երբեք չպետք է մոռանան այն միջավայրը, որում իրենք եւ բոլոր մյուսները գործում են։

Միջազգային կարգը

Ա. Այսօր հստակ սահմանված միջազգային կարգ գոյություն չունի։ Տարածաշրջանային եւ խոշոր տերությունների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ անկանխատեսելի ու երերուն։
Բ. Տարածաշրջանային տերությունները, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը, փորձում են նույնպես իրենց կամքը պարտադրել Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ու Էգեյան ծովերում՝ ներթափանցելով նախկինում գերտերությունների բացառիկ իրավասության գոտիներ:
Գ. Մի շարք հակամարտություններ կառավարվում են միասնաբար գործող տարածաշրջանային տերություների կողմից՝ առանց ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ նշանակալի ներգրավման։
Դ. Այս փոփոխությունների հետեւանքով իշխանության հարաբերություններում առաջացած անորոշություններն ավելի են սրվում ազատական կարգի նահանջի հետեւանքով՝ նույնիսկ Եվրոպայում եւ, հնարավոր է, ԱՄՆ-ում. կարգ, որը հանդիսանում էր վարչակարգերն ու կառավարությունները գնահատելու մի գերիշխող արժեհամակարգ։
Ե. ԱՄՆ նոր վարչակազմը եւ Արեւմուտքը դեռ չեն գտել նոր աշխարհակարգի համար մի արդյունավետ հայեցակարգ, որը հաշվի կառնի ձեւավորվող իրողություններն ու տեսանելի ապագայի համար կկարողանա կարգավորել միջազգային հարաբերությունները՝ այլ խոշոր տերությունների հետ համաձայնեցված այս նոր, բազմաբեւեռ միջազգային համայնքում։
Զ. Հայաստանին մոտ եւ հեռու գտնվող տարբեր պետությունների քաղաքականությունների, որոշումների ու վարքի վրա ազդող գործոնները հասկանալու եւ վերլուծելու գործում՝ Հայաստանի քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն ակնհայտ աշխարհաքաղաքական/աշխարհառազմավարական գործոններից անդին որոշիչ դեր կատարող այլ գործոնների։ Խոսքն այստեղ տնտեսական գործոնների մասին է՝ ածխաջրածնային պաշարներից բացի, ինչպիսիք են, օրինակ, այս կամ այն ոլորտում ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են շահույթ ապահովել, ինչը բոլոր երկրների բիզնես ղեկավարները փնտրում են, եւ ինչի նկատմամբ կառավարությունները նույնպես անտարբեր չեն։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ

23.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031