Հայրենի Լծենի` գյուղ տանող ճամփեզրին հուշարձան կանգնեցվեց ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, Մարտակերտի 5-րդ ՊՇ կապիտան Արմեն Պետրոսյանի: Խորհրդանշական է հուշարձանը, ինքնատիպ, բազմախոս, բազմիմաստ: Արծիվ է, խաչ է, կենաց ջուր է ու … ճանապարհ:
Այն Արմենի համար է ու Արմենի մասին… Այն նաեւ մեր մասին է. նման` մեզ, նման` մեր երկրին, նման` մեր հոգուն, նման մեր պատմությանը: Արծիվը` խոցված, բայց` թռիչքի պատրաստ: Մի թեւը` վիրավոր, մի թեւը` վեհաթռիչ, խաչի զորությամբ` հենված ինքն իրեն, հենված իր ցավին, հենված իր հույսին, իր հավատին, որ դեռ ճանապարհ ունի գնալու, ընթացք ունի` անցնելիք…
Այն ցավից բարձրացող հավերժումի մասին է, այն, ինչպես իր օրհնության խոսքում նշեց Դարբասի եկեղեցու քահանա Տեր-Ընծա Միրզոյանը, բաց դասագիրք է սերունդների, եկողների, մոտ ապագայում բանուկ դարձող այս ճանապարհի անցուդարձողների համար, դասագիրք` իսկական հայրենասիրության մասին, դասագիրք` սեփական կյանքի գնով բազում կյանքեր փրկելու մասին, սեփական արյամբ հայրենիքի կենաց ծառը ջրելու մասին, դասագիրք` սպայի պատվի եւ արժանապատվության մասին, հայոց բանակի ազնիվ ու նվիրյալ զինվորի մասին:
Կարդացեք նաև
Ապա վկայակոչելով երջանկահիշատակ Գարեգին Առաջինի` մեր նահատակների արյունն ուրվագծում է մեր պարտականությունների ուղին խոսքը, Տեր-Ընծան նշեց, որ այդ ուղին նաեւ պարտավորեցնում է արժանի լինել նրանց թափած արյանը, ուժեղանալ, հզորանալ տնտեսապես, ռազմականապես, հաղթահարել մեր ազգին բաժին հասած այս ծանր փորձությունը, վերականգնվել եւ խաչի զորությամբ ու հավատքի ուժով կիսատ չթողնել թռիչքի ժամանակ խոցված արծիվների անավարտ գործը: Արմեն Պետրոսյանի մասին ասված որեւէ խոսք, թերեւս, այնքան բնական, ազդեցիկ, արժանահավատ ու արժեքավոր չէ, որքան նրա անմիջական հրամանատարի ասած խոսքը, որը հուշարձանի բացման ժամանակ անսահման ափսոսանքով, մեծ հիացմունքով, արժանի գնահատումով, նաեւ` նրանց կիսատ թողածը ավարտին հասցնելու խոստումով հնչեցրեց գումարտակի հրամանատար Գրիգոր Մելոյանը ի մասնավորի ասելով, որ մարտկոցի հրամանատար Արմեն Պետրոսյանը շատ մեծ դեր ունի Մարտակերտը անառիկ պահելու կռվում, քանի որ մարտը վարել է գրագետ, հաշվարկված, խելացի, ճիշտ ու նպատակային կրակահերթերով, ինչի արդյունքում կարողացել է տանկ խփել, սպառազինությունն անտեղի չվատնել, իր մարտկոցից որեւէ զոհ չտալ:
«Իր մարտկոցից զոհվեց միայն ինքը, ընկավ որպես հերոս: Սիսիանը, հայ ազգը, բանակը շատ ուժեղ տղա կորցրեցին: Արմենի ընկնելու լուրը մեծ հարված էր բոլորիս` շարքայինից մինչեւ վերին հրամանատարություն: Գեներալ Շաքարյանը ծանր տարավ Արմենի զոհվելը, բոլորս իրար սփոփում էինք, այ, էդքան մեծ կորուստ էր Արմենը բոլորիս համար: Նրա ընկնելուց հետո մի պահ բոլորս մեզ կորցրել էինք, ողնաշարներս ջարդվել էր, խոսելու ունակությունն էլ էինք կորցրել…Բայց մեր տղերքը չեն ընկել, մեր տղերքը կան մեր սրտերում, մեր հոգիներում, իրենց հոգին մեզ հետ է: Եթե մենք նրանց ընկած համարենք, եթե մենք մեզ պարտված համարենք, ուրեմն անիմաստ էր էսքան տղաների ընկնելը: Իրենց վրեժը մենք պիտի լուծենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, մեր պատրաստվածությամբ: Հաջորդ պատերազմում մենք չենք զիջելու ոչ մի թիզ հող ու չենք զիջելու այս տղաների հաշվին, մենք իրենց խոստանում ենք ետ բերել մեր կորցրածը: Ես դա զուտ ձայնագրության համար չեմ ասում, այլ իմ սրտի խոսքն եմ ասում: Կապիտան Արմեն Պետրոսյանը «Կյանքդ` կյանքիս գնով» կարգախոսով կռվեց եւ ընկավ բոլորիս համար…բոլորն ընկան հերոսի մահով, ոչ մեկը Հյուսիսային պողոտայում չի զոհվել… Հաջորդ կռիվը որ լինի, թող լինի միայն մեր հաղթանակի համար»,- ասաց գումարտակի հարմանատար Գրիգոր Մելոյանը եւ հավելեց, որ հպարտությամբ է հիշում Արմենին, երբեք թույլ չի տա իրեն անցյալ ժամանակով խոսել նրա մասին:
Դիմելով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, Գրիգոր Մելոյանը նշեց, որ Արմեն Պետրոսյանի ծառայությունը հայրենիքը գնահատվել է արժանվույնս` դեռեւս կենդանության օրոք նրան արժանացնելով «Արիության համար» մեդալի, բայց հարկ է, որ նրա ծառայությունը գնահատվի նաեւ ետմահու, քանի որ Արմենն ընկել է քաջաբար, կռվել մինչեւ վերջ, կռվել արժանապատիվ եւ նա արժանի է նվազագույնը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, ինչի մասին արդեն պիտի հոգան պատկան կառույցները, քանի որ դա իրենց իրավասությունից դուրս է:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խոսքը Արմեն Պետրոսյանի մասին առավելապես զինականի խոսք էր զինականի մասին եւ այդ խոսքում կարեւոր շեշտադրումը Արմենի` գիտակցված անմահությունն էր, կյանքը` հայրենիքին, հոգին` աստծուն, սպայի` իր պատիվն արժանապատվորեն պահած եւ քաջորեն մարտնչած հայոց բանակի կապիտանի մասին: «Փառք Արմենին, հազար փառք հերոսական մարտական գործողություններ կատարած մեր տղերքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հուշարձանը կառուցողներին` Արմենի ծնողներին, որովհետեւ սա արիության սրբավայր է, այս սրբավայրը հոգի ունի, խոսելու է, պատմելու է իր մասին, մարդիկ նստելու են այստեղ, կիսվելու են, աղ ու հաց են կտրելու, մեր երիտասարդները, մեր մատաղ սերունդը դաստիարակվելու է այս հուշարձանով»,– ասաց մարզպետը եւ հավելեց, որ 27 տարի առաջ թեեւ առաջին պատերազմը հաղթեցինք, բայց նստեցինք նույն խրամատում, չհզորացրեցինք մեր բանակը, չարդիականացրեցինք մեր զինված ուժերը, արհամարհեցինք թշնամուն, չպլանավորեցինք խաղաղությունը, ինչի պատասխանը եղավ մեր անդառնալի կորուստները:
Արմեն Պետրոսյանն իր զինվորական ուղին հեշտ չի հարթել: Ճակատագրորեն էր կարծես նրան այն տրված, եւ նա պիտի անցներ, ընթանար, կայանար, հասներ… «Տիգրան Մեծ» վարժարանի սանը հետո պիտի «Վազգեն Սարգսյան»-ում սովորեր, ծառայությունը պիտի Մարտակերտում անցկացներ, ավագ լեյտենանտից կապիտան պիտի դառնար, պահեր Մարտակերտը ու ընկներ Մարտակերտի համար, հայրենիքի համար: Արմենն իսկական զինվորական էր` սպային վայել արժանապատվությամբ, զինվորի կյանքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, զենքի լեզուն անթերի հասկացող: Արմենը, հաստատ, առաքելություն ուներ այս կյանքում… Տարիներ առաջ երկու եղբայրների հետ ավտովթարի էր ենթարկվել, ծանր փորձություն հաղթահարեցին, ոտքի կանգնեցին, ու աստված Արմենին անընդհատ առաջնորդում էր դեպի իր առաքելություն, որը սրբորեն կատարեց արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, Մարտակերտի դիրքերում` իր կյանքի գնով բազում կյանքեր փրկելու համար: Մարտկոցի հրամանատար Արմեն Պետոսյանը 20 օր կռվել է իսկական սպայի պես, իր հրամանատարության ներքո գտնվող դիրքում ոչ մի զոհ չի տվել 20 օր, թեժ մարտերի ժամանակ իր զինվորներին պահել է թաքստոցից ոչ մի կերպ դուրս չգալու խստագույն հրամանով, մինչեւ ինքը հրահանգ չտա… Հոկտեմբերի 16-ի առավոտյան ինքն է դուրս եկել, ասել մի երեք հատ ես կրակեմ,… 20 օրյա թեժ կռիվներում հոկտեմբերի 16-ին իր դիրքի միակ զոհը ինքը եղավ: Իրենից հետո, ցավոք, էլի զոհեր են եղել:
Հայրը` Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ պատերազմից առաջ Արմենը մի քանի օրով արձակուրդ էր եկել, կապիտանի կոչումն ստացել էր, բայց իրենց դեռ չէր ասել: Պատերազմից երեք օր առաջ վերադարձել էր ծառայության վայր: «Պատերազմի ժամանակ կապը միշտ եղել է, զանգահարել-խոսել ենք, երբ հարցրել ենք իրավիճակից, միշտ ասել է` հաղթելու ենք, երբ խոսք է եղել հրադադարի մասին, Արմենն ասել է` թող իրենք մեզանից հրադադար խնդրեն, մենք հաղթելու ենք… Այդքան հավատում էր Արմենը մեր հաղթանակին: Մեզ հետո պատմել են, որ երբ որոշ դիրքապահներ հարցրել են, թե դիրքից ոնց իջնեն, Արմենն ասել` դիրքից չեն իջնում, դիրք բարձրանում են. Արմենս հավերժ մնաց իր դիրքում»:
Մայրը` Ժաննա Մանուկյանը պատմում է, որ միջնեկ որդին` Արտակը նույնպես ծառայում էր բանակում, եւ պատահականորեն ընկել էլ հենց Արմենի գումարտակ: Բոլորն ուրախացել էին, բացի` Արտակից: Մտածել է` հնարավոր է եղբոր մասին անախորժ բաներ ասեն, որն իր սրտին ցավ կտա: Բայց հետո մորը պատմել է` չի պատկերացրել, որ Արմենն այդքան սիրված հրամանատար էր: Արտակը պատմել է նաեւ, որ եղբայրը բացառապես որեւէ տարբերություն չի դրել իր եւ մյուս զինվորների միջեւ, շատերը կասկածել են անգամ, որ հարազատ եղբայրներ են, բայց Արմենը զինականի պահանջկոտությամբ ասել է` զինվոր է, թող ծառայի: Արտակն էլ մասնակցեց 44-օրյա պատերազմին, վիրավորվել էր, հիմա ապաքինվել է եւ շարունակում է իր ծառայությունը. «Երբ Արտակը Արմենի իրերը տուն բերեց, զինվորական գլխարկը, գոտին, հեռախոսը չկային, հարցրեցի, թե ինչու դրանք չկան, Արտակն ասել է, որ Արմենի զինվորներից ոմանք խնդրել են դրանք թողնել իրենց ի հիշատակ, քանի որ Արմենն իր կյանքով փրկել է իրենց կյանքը»:
44-օրյա պատերազմում զոհվել է նաեւ Ժաննայի եղբոր որդին` Տիգրան Մանուկյանը, միամիտ, ազնիվ, վարակչ ժպիտով լույս պես տղան: «Ես ուսուցչուհի եմ գյուղի դպրոցում, ռազմագիտություն եմ դասավանդել, գիտեմ` հանուն ինչի են զոհվում մեր տղաները… Իզուր չէ, որ մայր-հայրենիք ենք ասում… Արմենս կայացած մարդ էր, 25 տարեկան զինվորական, ինքնուրույն ապրած, մարտի ժամանակ ինքնուրույն որոշումներ կայացրած, բայց ամենամանր թվացող հարցերում անգամ խորհրդակցում էր մեզ հետ: Վիշտը չի սպիանում, մխիթարություն չկա, սովորում ենք ապրել ցավի հետ, մխիթարվել այն երախտիքի խոսքերով, որ մեզ ասում են Արմենի փրկած զինվորների ծնողները»,- ասում է Ժաննա Մանուկյանը:
Հոկտեմբերի 16-ը կապիտան Արմեն Պետրոսյանի հիշատակի օրն է, բայց եւ` հավերժումի: Նահատակները հավերժ կմնան ապրողների հիշողության մեջ… Արմենի հուշաքարին գրվածը նույնպես պատգամ է` «Դուք էլ հիշեք հայոց եզերքում Արմենին, որ ընկավ մահով հերոսի, ընկավ երազանքները սրտում, որ հայրենիքը ազատ ու հավերժ լինի»: Հազար փառք հայրենիքի համար ընկածներին: Հավերժ խոնարհում քո վառ հիշատակին, Արմեն Պետրոսյան:
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
Սիսիան
«Առավոտ» օրաթերթ
23.10.2021 թ․