Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորն իր ոչ իրավաչափ գործողություններով Գորիսի համալսարանի բյուջեին պատճառել է 20 միլիոնից ավելի էական վնաս․ բաց նամակ

Հոկտեմբեր 24,2021 23:11

Պարո՛ն վարչապետ,

ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա մի բան, որ վարչապետի հանձնարարականը անհետաձգելի գործ է և առաջնային, ինչ խոսք սա անառարկելի փաստ է: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ՀՀ վարչապետի` 2019-04-25 հ.02/11/19380-2019 և 2019-05-10 հ.02/11.8/21964-2019 հանձնարարականների չկատարման փաստը: Ձեր հանձնարարականները ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Ա. Հարությունյանը 2019-06-17 հ. 01/10/10425-19 գրությամբ հայտնել է, որ սեղմ ժամկետում կքննարկվի 2019թ. սեպտեմբերին կայանալիք ԳՊՀ կառավարման խորհրդի ընդլայնված նիստում։

2019թ. սեպտեմբերի 30-ին ԳՊՀ խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հրավիրված ԳՊՀ կառավարման խորհրդի նիստին խորհրդի 24 անդամներից ներկայացել են 8-ը, նիստը չի կայացել քվորումի պատճառով։ Երկրորդ անգամ հրավիրվում է նիստ նոյեմբերի 29-ին, խորհրդի անդամներից ներկայանում են 11-ը, և նորից նիստը չի կայանում։ Հարց է առաջանում. ինչո՞ւ չի կայանում, և զարմանալին այն է, որ նիստերին չեն ներկայանում հիմնադրի անունից առաջադրված վեց անդամներից ոչ մեկը, իսկ լիազոր մարմնի կողմից առաջադրված վեց անդամներից՝ երկուսը։ Իսկ 13.12.2019թ. ԳՊՀ ռեկտորի նախաձեռնությամբ հրավիրված նիստը կայացել է առանց խորհրդի նախագահի մասնակցության, և Ձեր հանձնարարականները օրակարգից հանված են եղել։

Սա փաստ է, որ խորհուրդների ձևավորման գործում ռեկտորներն ունեն գործուն միջամտություն և խորհուրդներն իրականում կրում են ձևական բնույթ:

ԳՊՀ-ում ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելու նպատակով Ձեզ հրապարակավ հարցադրումից հետո 2018-07-26 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը ԳՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ եկավ հետևյալ եզրակացության. «Մթնոլորտը, որ ձեզ մոտ կա, ակադեմիական չէ, գործընկերային չէ, բուհի տպավորություն չեմ ստանում, եթե այսպես շարունակվի, ապա պետք է լուծարել Գորիսի պետական համալսարանը և նոր բուհ ստեղծել Գորիսում։ Այս մթնոլորտում աշխատել հնարավոր չէ»։

Նման եզրահանգումից հետո լիազոր պետական մարմինը ԳՊՀ կանոնադրության 14-րդ կետի համաձայն կարող էր իրականացնել վերահսկողություն համալսարանի գործունության նկատմամբ, կասեցնել կամ ուժը կորցրած է ճանաչել համալսարանի ռեկտորի կամ էլ կոլեգիալ կառավարման մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները։ Մի՞թե լիազոր մարմինը իր լիազորությունների շրջանակներում չէր կարող կանխել ԳՊՀ-ում ռեկտորի ոչ իրավաչափ գործողությունները, անօրինականություններն ու կամայականությունները։

Երկու տարուց ավելի վարչապետի հանձնարարականը չի կատարվել և առ այսօր պաշտոնյաներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, դեռ ավելին, մարդ, ով մի քանի անգամ ձախողել է հանձնարարականների քննարկումը, ով ոչ իրավաչափ, անօրինական գործունեությամբ ոտնահարել է ՀՀ հպարտ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, վիրավորել նրանց պատիվն ու արժանապատվությունը, ով 2018թ. առ այսօր դադարեցրել և կաթվածահար է արել ԳՊՀ Արհեստակցական կազմակերպութան գործունեությունը (գուցե հիմք է ընդունել Ձեր այն արտահայտությունը, որ արհմիությունների դերը պետք է բարձրացվի), ով 10 ամսից ավելի առերևույթ դիտավորությամբ չի կատարում Արհեստակցական կազմակերպութան 11.12.2019թ. դատարանի վճիռը, որը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման, իսկ դատարանի վճռի չկատարումը արդեն քրեորեն պատժելի արարք է:

Ռեկտոր Ա. Ղուկասյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսդրության սկզբունքները, արձակում է ոչ իրավաչափ հրամաններ՝ կապված աշխատողների աշխատանքից ազատման, տարբեր կարգապահական տույժերի կիրառման հետ։ Դատարան ներկայացված վեց հայցերը հիմնականում բավարարվել է և գործատուի կողմից տրված հրամաններն ու կարգադրությունները դատարանների կողմից ճանաչվել են անվավեր։ Ռեկտորն իր ոչ իրավաչափ գործողություններով համալսարանի բյուջեին պատճառել է 20 միլիոնից ավելի էական վնաս:

Նախկինում խախտումներով ձևավորված ԳՊՀ կառավարման խորհրդում «ընտրված» դրածո ռեկտորը, ում հովանավորները հետախուզման մեջ են, այսօր էլ հովանավորվում է պաշտոնատար անձանց կողմից: Վերջապես այս ամենից հետո, ինչպես հասկանալ ԿԳՄՍ նախարարության գործելաոճը Ա. Ղուկասյանին պաշտոնակատար նշանակելու փաստը: Պարո՛ն վարչապետ միայն չասեք, որ տեղյակ չեք: Տպավորություն է, որ Դուք կամ Ձեր կառավարությունը ատում եք կրթությունը, գիտությունը, որի հետևանքով առհասարակ կորցնում ենք Սյունիքի մայր բուհը:

Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, տ.գ.թ., դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031