Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հանդես եկավ ուղերձով: Դիմելով Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքների բնակիչներին` Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը Վանաձոր խոշորացվող համայնքի ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով. «Նպատակ ունենալով ապահովել հասարակության ավելի լայն համախմբում՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «Ասլանյան» դաշինքով»:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը տարբեր հարցազրույցներում Մամիկոն Ասլանյանը նշել էր, որ ամենատարբեր կուսակցություններից ստացել է առաջարկ՝ ընտրություններին մասնակցել նշված կուսակցության կազմից: Սակայն վերջինս նշում էր, որ դեռեւս ոչինչ հստակ չի որոշել:
Ուղերձում Ասլանյանը նշել է նաեւ, որ այսօր ցանկացած գործող ուժ ունի թերացումներ, այդ թվում եւ իրենք. «Խոստովանում եմ՝ չկա մի գործող ուժ, աշխատանքային թիմ, որը չունենա թերացումներ: Փնտրելու դեպքում մեր պարագայում եւս կգտնենք: Ինչպես ասում են՝ եթե չես ուզում քո մասին խոսեն, մի արա ոչինչ, եղիր ոչինչ: Սակայն վստահ եմ, որ վանաձորցին տեսել է նաեւ այս տարիների ընթացքում կատարված հսկայական աշխատանքը, որը դրսեւորվել է՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության, քաղաքի արտաքին գրավչության բարձրացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջոցառումների որակի բարձրացման, միջազգային գործընկերության շարունակականության եւ այլ բնագավառներում»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ