Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում քննարկում է ունեցել ռուսաստանյան Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։
Քննարկման առանցքում եղել են նորագույն տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։
Պատասխանելով նախագահ Սարգսյանի՝ տեխնոլոգիական զարգացման ապագա միտումների և այդ ոլորտում Հայաստանի՝ որպես շահառու հանդես գալու մասին դիտարկմանը՝ Տիգրան Խուդավերդյանը մասնավորապես նշել է, որ համավարակը, բազմաթիվ ցավալի հետևանքներից բացի, նաև որոշակի փոփոխություններ է առաջացրել աշխարհում, և այս նոր իրողություններում Հայաստանը նույնպես կարող է շահել։
«Երկար տարիներ խոսվում էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը, հեռավար աշխատանքը։ Մենք 30 տարի առաջ դիտում էինք ամերիկյան ֆիլմերը վիրտուալ իրականության մասին, սակայն այդ ամենը մնում էր միայն մեր երազանքը։ Համավարակի պատճառով մարդկության վերաբերմունքը արմատապես փոխվեց թե’ կրթական տեխնոլոգիաների, թե’ հեռավար աշխատանքի հանդեպ,- նշել է Yandex -ի փոխտնօրենը։ -Հայաստանը գտնվում է այնպիսի վայրում, որը տրանսպորտային և լոգիստիկ առումով դժվար հասանելի է։ Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ աշխարհի մասը, որտեղ ճանապարհները վիրտուալ են։ Եվ դա հնարավոր է համացանցային տեխնոլոգիաների միջոցով։ Սա նոր աշխարհ է, որտեղ Հայաստանը կարող է շահել»։
Կարդացեք նաև
Տիգրան Խուդավերդյանի դիտարկմամբ՝ նոր իրողությունները նաև նոր հնարավորություն են Հայաստանի համար։ «Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար բարդ է իրեն թույլ տալ ունենալ այնպիսի զարգացած կրթական համակարգ, ինչպիսին ունեն զարգացած երկրները, քանի որ պետք է այստեղ հրավիրել ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների։ Դա թանկ է։ Սակայն եթե խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ կարելի է կրթություն ստանալ՝ նստելով Հայաստանում, իսկ պրոֆեսորը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, ապա նման աշխարհում Հայաստանում գտնվող մարդը հավասար պայմաններում է հայտնվում աշխարհի ցանկացած կետում գտնվող այլ մարդու հետ,- ընդգծել է Yandex -ի փոխտնօրենը։ -Կրթված մարդը պետք է հնարավորություն ստանա ունենալ աշխատանք, իսկ այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է։ Կորոնավիրուսն արեց այնպես, որ աշխարհի առաջատար ընկերություններն արմատապես փոխել են վերաբերմունքը մարդկանց հեռավար աշխատանքի ընդունելու հարցում։
Այժմ մեր բոլոր գործընկեր ընկերությունները սկսել են հեռավար աշխատանքի ընդունել մարդկանց, քանի որ կան տեխնոլոգիաներ, որոնք հեռավար աշխատանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Բացի այդ, փոխվել է մարդկանց գիտակցությունը։
Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից՝ պահպանելու ինքն իրեն, մյուս կողմից՝ հասանելիություն ստանալու այս ողջ համաշխարհային հարստությանը»։
Նախագահ Սարգսյանն ու Տիգրան Խուդավերդյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի հզորացման գործում անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի ողջ ցանցը, գիտելիքներն ու տաղանդը։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ