«Ալիք Մեդիա»– Վանո Սիրադեղյանի մահից հետո գուշակություններ են արվում մեծանուն գրողի եւ քաղաքական գործչի ենթադրյալ կտակի մասին։ Գուշակություններ, որոնք վերջին ճշմարտության հավակնություն ունեն։ Դրանք մեկընդմիշտ հերքելու համար «Ալիք Մեդիան» հրապարակում է Սիրադեղյանի կնոջ՝ Ռուզան Տոնոյանի մտահոգությունն ու հորդորը։
«Այս օրերին մամուլում եւ սոցցանցերում զանազան իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերջին կամքի արտահայտության, ինչ-ինչ փաստաթղթերի գոյության մասին՝ մոլորության մեջ գցելով հանրությանը, մերձավորներին, ընտանիքի անդամներին։
Եթե մարդիկ կան, որ ինչ-որ ինֆորմացիայի են տիրապետում, էական չէ ճիշտ կամ սխալ, ապա իրավունք չունեն գործելու ընտանիքի թիկունքում։
Որոշ մարդիկ ինչ-որ կտակներից են խոսում:
Կարդացեք նաև
Մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը, հարց է առաջանում, իրենց անունը կա՞ր այդ կտակում։
Չեմ զարմանա, եթե առաջիկայում վեպեր գրվեն եւ վերագրվեն Վանո Սիրադեղյանին, այնպես ինչպես որ մինչ այդ իրեն են վերագրել բազմաթիվ հերյուրանքներ եւ հորինվածքներ։
Հորդորում եմ հարգել Վանո Սիրադեղյանի արտաքսյալ կյանքի, մահվան փաստերի եւ հանգամանքների, դրանց վերաբերող փաստաթղթերի մասին բացառապես ստույգ տեղեկություն հրապարակելու մեր իրավունքը»։