Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում կազմակերպվեց ինժեներական 5-րդ փառատոնը

Հոկտեմբեր 23,2021 23:27

Հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»  միջոցառումների շարքը: «Ինժեներական շաբաթը» ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունն է:

Այսօր այն հասավ նաեւ Վանաձոր: Շաբաթվա առաջին երեք օրերի ընթացքում ինժեներները ներկայացրել են ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային սարքերի թեստավորման, անլար հաղորդակցության, կենսաբժշկական ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիական արտադրության, ավիատիեզերական արդյունաբերության, գիտության եւ մի շարք այլ ոլորտներում վերջին նվաճումները:

Իսկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը: Կազմակերպիչների համոզմամբ՝ պատերազմն այս ոլորտում նույնպես փոխեց պահանջները. «Պատերազմից հետո բոլորիս համար պարզ դարձավ, որ մենք չենք կարող այն տեմպերով, որով ապրում ենք, շարունակենք ապրել: Պետք է ամեն ինչ 100 անգամ ավելի արագացնենք եւ հասկանանք, որ մենք աշխարհում մենակ ենք եւ պետք է շատ հարցերում նաեւ տեխնոլոգիաների զարգացման մասով հույսը դնենք մեզ վրա: Դրա համար միջոցառման մեխը լինելու է, որ մենք տեղեկատվական ու ինժեներական տեխնոլոգիաներով կարողանանք այդ լույսը սփռել ոչ միայն մեր համայնքում, այլ նաև ամբողջ երկրում: Նաեւ մտածենք այն լուծումների մասին, որը կզարգացնի ոչ միայն մեր ոլորտը, այլ նաեւ մյուս ոլորտները»,- ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:

Արդեն 5-րդ անգամ կազմակերպվող «Ինժեներական փառատոն-շաբաթն» այս անգամ էլ մասնակիցների պակաս չի ունեցել: Վերջիններս ներկայացնում էին ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներն, այնպես էլ նաեւ արտերկիրը:

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Երվանդ Տերտերյանը նախկինում ձայնից էլեկտրոէներգիա ստացող սարք էր ներկայացրել: Հիմա ասում է, որ այս անգամ միջոցառմանը  մասնակցում է գիտելիքների համալրման նպատակով: Մինչ ընկերները կվերադառնան զինվորական ծառայությունից ու կրկին բոլորով գործի կանցնեն. «Լսում եմ ինժեներական ոլորտի հիմնախնդիրների մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ինժեներությունը Հայաստանում զարգացնելու համար: Նախ հասարակությունը պետք է զարգացած լինի, ինչ-որ չափով պատկերացում ունենա տեղեկատվական անվտանգության ոլորտից, ճիշտ օգտագործեն համացանցն ու կարողանան օգտվել ճիշտ ձեւով»:

Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառմանը կհաջորդի Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում անցկացվելիք ինժեներական նորարարական լուծումների ավանդական ուղղությունների եւ ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031