Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի բնակիչ Սամվել Քարամյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազություն՝ տեղեկացնելով, որ 2018թ. դեկտեմբերի 5-ին որդին՝ Հայկ Քարամյանը մարտական հերթափոխ իրականացնելիս մնացել է ձնահոսքի տակ և զոհվել:
Որդուն պիտի հուղարկավորեին Սիսիանի զինվորական պանթեոնում, սակայն Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեմ է եղել պանթեոնում հուղարկավորելուն՝ պատճառաբանելով, որ նա «թուրքի գյուլլից չի ընկել»:
Դեկտեմբերի 7-ին Սիսիան քաղաքի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը հայտնել է, որ ավագանու որոշմամբ հողատարածք է առանձնացվել և ստեղծվել զինվորական նոր պանթեոն, որտեղ և կատարվել է հուղարկավորությունը և տրվել «Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոն» գերեզմանի վկայական թիվ 1 փաստաթուղթ:
Նշված գերեզմանատանը հուղարկավորվել է նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ս. Քարամյանի եղբոր որդին՝ Վահե Քարամյանը և տրվել է «Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոն» գերեզմանի վկայական թիվ 2 փաստաթուղթը:
Կարդացեք նաև
2021թ. սեպտեմբերի 21-ին Ս. Քարամյանը Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանից տեղեկացել է, որ վերոնշյալ զինվորական պանթեոնը գոյություն չունի, դրա վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն՝ հավելելով, որ վերոնշյալ տարածքը կարող է տրամադրվել որպես ընտանեկան գերեզման:
Հանգամանքները պարզվում են, փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ