Լրահոս
Օրվա լրահոսը

Թենի Ավագյան. «Նպատակը ֆուտբոլի միջոցով աղջիկներին առաջնորդության հմտություններ եւ թիմային աշխատանք սովորեցնելն է»

Հոկտեմբեր 23,2021 21:48

Այսօր «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) կազմակերպությունը ԵՊՀ մարզադահլիճում բաց դռների օր էր կազմակերպել՝ նպատակ ունենալով գերազանցապես մանկահասակ աղջնակների համար ֆուտբոլ մարզաձեւին ծանոթանալու, ֆուտբոլի միջոցով միմյանց հետ շփվելու, ակումբներին անդամագրվելու հնարավորություն ընձեռել:

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ նախագահ Թենի Ավագյանը Aravot.am-ին ասաց. «Մեր կազմակերպության նպատակը ֆուտբոլի միջոցով սոցիալական ազդեցություն ունենալն է: Հանրապետության ութ մարզերի 80 համայնքում աշխատում ենք հիմնականում 12-17 տարեկան ավելի քան հազար աղջիկների հետ: Ամբողջ նպատակն է՝ սպորտի միջոցով սովորեցնել առաջնորդության հմտություններ, թիմային աշխատանք, այսինքն, այնպիսի որակներ, որոնք պետք են ոչ միայն սպորտում, այլեւ կյանքում հաջողության հասնելու համար: Ինչո՞ւ ենք մարզային համայնքներում աշխատում հենց աղջիկների հետ: Որովհետեւ իրականում այդ տարիքի աղջիկները ամենախոցելի խումբն են հատկապես մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրերում, առավել եւս՝ հետպատերազմյան ու COVID-ի ներկայիս ժամանակահատվածում: Ու բացի առողջ ապրելակերպը եւ նշածս հմտությունները սպորտի միջոցով մատուցելուց, շատ կարեւոր է, որ մեր երեխաները ունենան մի ապահով տեղ, որ թեկուզ շաբաթը երկու անգամ մեկական ժամով հոգսերը վայր դնեն ու լինեն ընդամենը երեխա:

Միջոցառմանը ներկա էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Իսպանացի մասնագետը ողջունեց այս նախաձեռնությունը, նշեց, որ սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը, ոչ միայն օգնում է երեխաներին առողջ լինել, այլեւ  մարզական կարգապահություն է դաստիարակում, ինչը պետք կգա ամբողջ կյանքում ինչ-որ բաների հասնելու համար: Հարցին, թե Հայաստանում ենթակառուցվածքները բավարարո՞ւմ են, որպեսզի ֆուտբոլը սկսած փոքր տարիքից զարգանա մինչեւ գոնե սիրողական մակարդակ, Կապառոսը պատասխանեց. «Կարծում եմ, ենթակառուցվածքները զարգանում են ոչ միայն Երեւանում, այլու մարզերում: Եվ ներդրումները սպորտում ներդրում են երեխաների ապագայում: Երեխաները իրենց հետագա կյանքում կունենան հստակություն եւ առողջ ապագա, թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ զբաղվել են սպորտով վաղ տարիքից սկսած»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031