Ինչպես տեղյակ ենք, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով այսուհետ աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն եւ չունեն փաստարկված հակացուցումներ, պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Մինչ այս որոշումը Վանաձորում պատվաստող քաղաքացիների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեծացավ պատվաստողների թիվը:
Վանաձորի Հայքի հրապարակում գործող COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանի մոտ հերթերի ու կուտակումների կարելի է հանդիպել օրվա գրեթե ցանկացած ժամի:
Կարդացեք նաև
Տիկին Մարինեն, որ եկել էր պատվաստվելու, մեզ հետ զրույցում նշեց, որ վստահ է, որ սա միակ ճիշտ տարբերակն է. «Եթե պատվաստանյութը կա ու մասնագետները խորհուրդ են տալիս, էլ վախենալու բան չկա: Առողջության հետ խաղալ պետք չէ»:
Փոխարենը, պատվաստվողներից մի քանիսն էլ նշեցին, որ ստիպված են այս որոշմանը եկել, քանի որ այլ տարբերակ չեն տեսնում. «Այդքան գումար որտեղի՞ց, որ կարողանանք ամեն 14 օրը մեկ թեստ հանձնենք: Այդքան էլ կողմ չեմ պատվաստվելուն, բայց ֆինանսապես էլ ի վիճակի չեմ»:
Վանաձորում հերթերի կարելի է հանդիպել ոչ միայն կայանի մոտ, այլ նաեւ այն լաբորատորիաներում, որտեղ կարելի է հանձնել ՊՇՌ թեստ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ