Դիլիջանի համայնքի Հովք գյուղում բացված Ուսուցման կանաչ կենտրոնում առաջին անգամ անցկացվեց Դդմի Տոնը:
Միջոցառման կազմակերպիչ «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նպատակ ունեն հատկապես տավուշցիների շրջանում բարձրացնել դդումի արդյունավետության մասին տեղեկատվության մակարդակը, քանի որ այս տարածաշրջանը բարենպաստ պայմաններ ունի դդում աճեցնելու համար:
Կարդացեք նաև
Սարուխանյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում այդքան հայտնի դդումը Հայաստանում այդքան էլ տարածված չէ, քանի որ այն ցածրարժեք մշակաբույսերի շարքին է դասվում, իսկ իրենք այս փառատոնի միջոցով ցանկանում են մեծացնել դդումի արժեքն ու խոսել նրա օգտակարության և կարևորության մասին․
«Պետք է նշենք, որ նախկինում դդումը շատ տարածված է եղել Հայաստանում, և մարդիկ այն օգտագործել են ինչպես ճաշատեսակների, այնպես էլ դեկորատիվ նպատակներով, սակայն ժամանակի ընթացքում այդ ամենը մոռացվել է, որը մենք ցանկանում ենք վերականգնել և ֆերմերների համար դդումի մշակման և արտադրության վերաբերյալ մոտեցումները փոխել»։
Սարուխանյանը նաև ընդգծեց, որ այս տոնը չպետք է շփոթել Հելոուինի հետ, քանի որ այս տոնը դդումի օգտակարության, դդմարվեստի վերհանման և մարդկանց դդումի օգտագործումը խրախուսելու համար է, քանի որ այս մշակաբույսն ունի բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ պաշտպանում են մի շարք հիվանդություններից։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ