Դիլիջանի Կենտրոնական բանկում այսօր միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ի ժամանակ տեղի ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությունը:
Բանախոսներն անդրադարձել են տեղի ունեցող աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոններին:
Արմեն Սարգսյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան 44-օրյա պատերազմին, հարց է ուղղել Ռոման Պրոդիին տարածաշրջանային և գլոբալ հետագա զարգացումների վերաբերյալ։
Պրոդին նշել է, որ մեր ժամանակներում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները ստիպում են երկրներին ընտրություն կատարել, թե որ երկրի կողմն է լինում, քանի որ ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում․
Կարդացեք նաև
«Երկրները ստիպված են ընտրել, թե ում կողմից են: Հայաստանի դեպքում, դուք նախ պետք է հասկանաք, թե որտեղ եք գտնվում։ Դուք շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու, քանի որ այդպիսին է դառնալու աշխարհը: Այն գլոբալիզացվում է և կայունություն չենք կարող ակնկալել, քանի որ ապագան շատ խառն է լինելու»:
Պրոդին նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ստիպում է հավասարակշռություն պահել, իսկ իրենք քայլ առ քայլ ավելի են մոտենալու Հայաստանին և կարևոր ազդեցություն են ունենալու Հայաստանի ճակատագրի վրա»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ