Դիլիջանի Կենտրոնական բանկում այսօր արդեն 3- րդ անգամ Հայաստանը հյուրընկալվեց միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»):
Այս տարի COVID-19 համավարակի հետևանքով գագաթնաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով և բանախոսների մի մասը հեռավար էին միացել:
Բացման իր խոսքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ գագաթնաժողովը ներառում է երկու թեմա, որից առաջինը նվիրված կլինի ամեն օր փոխվող աշխարհաքաղաքականությանը և տարածաշրջանային քաղաքականությանը, իսկ քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու կամ արդեն իսկ փոխում աշխարհը։
Կարդացեք նաև
Նախագահը նաև հիշատակեց անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունները և տեղի ունեցած դժբախտությունները:
Նախագահի խոսքով, երբ COVID-19 համավարակը տարածվեց ,սպասվում էր, որ մարդիկ պետք է փոխեին իրենց վարքագիծը, ինչպես Քիփլինգի պատմություններից մեկի ժամանակ ջունգլիներում, երբ մեծ վտանգ կար և չկար ջուր, բոլոր կենդանիները դադարեցին կռվել և բոլորը միասնական գնացին դեպի ջուրը՝ դեպի կյանք․
«Սակայն, երբ ամբողջ աշխարհում սկսվեց COVID-19-ը, որը համաշխարհային դժբախտություն էր, մեր հարևանները չվարվեցին ինչպես ընդունված է և եղավ կրկնակի դժբախտություն, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հարազատներին ոչ միայն համավարակի դեմ պայքարում, այլ նաև պատերազմում, որտեղ մահացան երիտասարդ կյանքեր։ Ես ուզում եմ օրը սկսել մեկ րոպե հարգանքով և աղոթքով այն մարդկանց համար, որոնց մենք կորցրեցինք COVID-19-ի հետևանքով, և եթե դուք հայ եք՝ նաև պատերազմում»:
Նախագահն անդրադառնալով գագաթնաժողովի խորագրին նշեց, որ այն ապագայի մասին է, այն ոչ միայն տարածաշրջանի ապագայի այլ նոր աշխարհի՝ քվանտային աշխարհի մասին է։
Նախագահն իր խոսքում նաև նշել է, որ հաջորդ տարի նախատեսվող չորրորդ գագաթնաժողովը միավորվելու է Հայաստանում անցկացվող մեկ այլ կարևոր իրադարձության՝ STARMUS-ը, որը գիտությանը, երաժշտությանը և տեխնոլոգիաներին նվիրված համաժողով է, որը ևս նվիրված է լինելու ապագային:
Գագաթաժողովին բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ժամանակակից աշխարհը տարբերվում է նրանով, որ այն մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ․
«Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն, սկսում ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար: Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների, որոնք պարբերաբար տեղի է ունենում և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե այն ինչպես և ինչու է լինում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։ Այդ առումով կարծում եմ, որ այսօր, ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են տեղի ունենում գործընթացները։
Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի և հարցր ու պատասխաններ տրվեն:
Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։
Ես պատահական չէ, որ ես մակընթացությունների հետ ես համեմատեցի, քանի որ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենը ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում այդ պրոցեսները հայտնվում են կառավարելիության տիրույթում»:
Վարչապետը նաև ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ իրադարձությունը Հայաստանի համար կդառնա տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները ավելի հասկանալի և հետևաբար, ավելի կառավարելի լինեն:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ