«Ամեն դեպքում ՌԴ-ն կցանկանա լինել մի ձեւաչափում, որտեղ ինքը ներգրավված կլինի եւ դուրս չի մնա տարածաշրջանային գործընթացներից ու քննարկումներից»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այսպես կոչված 3+3 ձեւաչափի արդյունավետությանը` այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի շուրջ: Նշենք, որ այս ձեւաչափն ի սկզբանե առաջարկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը նկատի ուներ Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին եւ Թուրքիային։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ եթե 3+3-ը վերածվի 3+1-ի, ապա Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այստեղ լինի: Ըստ նրա՝ այս պահին ողջ խնդիրը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ է. «Երկու երկրները դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները, եւ Վրաստանը չի ուզում որեւէ կերպ լինել մի ձեւաչափում, որտեղ կա Ռուսաստանը»:
Մեր հարցին՝ արդյոք հենց ռուս-վրացական հակամարտության ֆոնին Թուրքիան ավելի չի՞ ամրապնդվի տարածաշրջանում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Սա արդեն ակնհայտ է վերջին տարում: Դրա գագաթնակետն անցյալ տարվա 44-օրյա պատերազմը դարձավ, որից հետո Թուրքիան ավելի ուժեղացրեց իր դիրքերը: Այս ուղղությամբ թուրքական դիվանագիտությունը շարունակում է ջանքեր գործադրել, ավելի ու ավելի է փորձում հիմնավորվել Հարավային Կովկասում, եւ այդ միտումներն առաջիկա տարիներին շարունակվելու են: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի տարածաշրջանում ավելի ուժեղացնի իր դիրքերը, նաեւ ինչ-որ պահի այս տարածաշրջանից փորձելու է դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին, որպեսզի ինքը գերիշխող դիրք ունենա Հարավային Կովկասում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այս պարագայում ո՞րը կարող է լինել Արեւմուտքի դերակատարությունը, հատկապես այն տեսանկյունից, որ վերջին շրջանում Արեւմուտքը ձգտում է ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունն առավելության հասցնել՝ ըստ էության հակառուսական տրամադրությունները զարգացնելով, քաղաքագետն ասաց. «Ակնհայտ է, որ այս տարածաշրջանի մի շարք երկրներ փորձում են Արեւմուտքին դուրս մղել տարածաշրջանից: Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը եւ նաեւ որոշ չափով Արդբեջանը ցանկանում են դուրս մղել Արեւմուտքին: Դա մոտավորապես պետք է լինի Աստանա-2 ձևաչափ, ինչպես որ այդ երկրները համագործակցում էին Սիրիայից ԱՄՆ-ին դուրս մղելու հարցում։ Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ Արեւմուտքի դիրքերը մեր տարածաշրջանում բավականին թուլացել են: Եվ Արեւմուտքը հասկացել է, որ իր դիրքերն այստեղ կորսված են ու փորձում է ինչ-որ կերպ դրանք վերականգնել: Տվյալ դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափն է փորձում զարգացնել:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հստակորեն նշեց, որ դեռեւս արցախյան հակամարտությունը լուծված չէ, կարգավիճակի հարցը պետք է լուծվի: Դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ամբողջովին դուրս գալ Հարավային Կովկասից՝ չնայած այն բանի, որ իր դիրքերը վերջին տարիներին բավականին թուլացել են: Սրան գումարած նաեւ ԱՄՆ-ն խրախուսում է Վրաստանին, որպեսզի նրա միջոցով վիժեցնի 3+3 ձեւաչափը: Այդ մասին նաեւ հստակ ամերիկյան քաղաքական գործիչներն ու դիվանագետներն են նշում: Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ օրերս գրեթե դիվանագիտական տոնով հայտարարեց, որ իր համար անընդունելի է 3+3 ձեւաչափը»:
Մեր դիտարկմանը՝ այն, որ Մեղրի համայնքում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը, ՏԻՄ ընտրություններում հաղթեց ամենաարմատական հակառուսական կողմնորոշում ունեցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը, սա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Երբեք ՏԻՄ ընտրությունները չպետք է համեմատել համապետական ընտրությունների հետ: Այդտեղ գործում են այլ գործոններ, խաղի այլ կանոններ: Այստեղ ավելի շատ ընտրողները ձայն են տալիս ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքով, ձայն են տալիս այն մարդկանց, որոնք տվյալ համայնքում արդյունավետ գործունեություն են ծավալել: Հետեւաբար, աշխարհաքաղաքական կողմնորոշումը ՏԻՄ ընտրություններում բացարձակապես չի աշխատում, եթե նույնիսկ Բագրատ Զաքարյանը լիներ վառ պրոռուսական կուսակցության ներկայացուցիչ, շատ հավանական է, որ նա նորից ընտրվեր: Այնպես որ, ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների աշխարհաքաղաքական կոմնորոշումը էական չէ. այլ մոտեցումներ են ազդում ընտրողների մոտիվացիայի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2021 թ․