Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ոչ ոք քաղաքականություն չի մշակում. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 23,2021 14:30

Շատ դիվանագետներ տարածաշրջանը տեսնում են Ռուսաստանի աչքերով, կամ՝ գործում են պարզապես որպես քաղաքական կամ կառավարության ղեկավարների անձնական ներկայացուցիչներ

Ո՞վ է մշակում եւ ո՞վ է իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ո՞վ է մշակում քաղաքականությունը

Արտաքին քաղաքականության մշակումը կառավարության կարեւոր գործառույթն է եւ այն տարբերվում է պետությունից պետություն ու նույնիսկ վարչակազմից վարչակազմ: Քաղաքականության մշակման ինստիտուցիոնալացման աստիճանը, սակայն, պետության հասունության նշան է: Հայաստանում այն մեծապես կախված է եղել կառավարությունը ղեկավարող անձից:
Փաստորեն, համարվում է, որ 2018 – 2021 թթ. կառավարության ժամանակ Հայաստանում հետեւյալ ուժերն են քաղաքականություն մշակել.

Ա. Վարչապետը՝ մի քանի վստահելի անձանց նեղ շրջանակով,
Բ. Իշխող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը,
Գ. Արտաքին գործերի նախարարությունը,
Դ. Դիվանագետներ, գիտնականներ եւ վերլուծական կենտրոններ:

Կան մասնակիցներ, որոնք իրական քաղաքականության մշակման ապացույցներ չեն տեսնում եւ կարծում են, որ.

Ա. Հայաստանում ոչ ոք քաղաքականություն չի մշակում, իսկ այն, ինչը համարվում է քաղաքականություն, ընդամենը հայտարարություններին եւ իրադարձություններին վերաբերող արձագանքների շարք է:
Բայց ուրիշները վստահ չեն, որ ամեն բան այդքան պարզ է: Նրանք կարծում են, որ քաղաքականությունը մշակում է.
Բ. Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես Ռուսաստանի փոխանորդ,
Գ. Ռուսաստանը,
Դ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները:

Ո՞վ պետք է մշակի քաղաքականություն

Քանի որ կարծիք կա, որ քաղաքականություն մշակողների շրջանակը չափազանց նեղ է, մի շարք առաջարկություններ են արվել, որ նոր մասնակիցներ ավելացվեն քաղաքականություն մշակողների խմբին՝ ներառելով.
Ա. Նորոգված Ազգային անվտանգության խորհուրդ, որում ներգրավված են նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, ԶՈւ-ն եւ հետախուզական ծառայությունը։
Բ. Արդարադատության նախարարություն՝ ապահովելու համար միջազգային իրավունքին համապատասխանությունը։
Գ. Արտաքին գործերի նախարարություն՝ Chatham House-ի կամ Արտաքին հարաբերությունների խորհրդի նման վերլուծական կենտրոնների աջակցությամբ:
Դ. Գիտնականներ ու փորձագետներ, ներառյալ՝ Սփյուռքից։
Ե. Քաղաքական կուսակցություններ՝ ինչպես Ազգային ժողովում ներկայացված, այնպես էլ արտախորհրդարանական։
Զ. Քաղաքացիական հասարակություն։
Է. Նախկին ղեկավարների եւ ավագ դիվանագետների խորհուրդ, հատկապես վճռորոշ պահերին։
Ը. Սահմանափակ մուտքով համաժողովներ։
Թ. Կոալիցիոն կամ միասնության կառավարություններ։
Ժ. Խորհրդակցական ժողովի գիտական քարտուղարություն, որը ներառի նաեւ սփյուռքահայերի:

Ո՞վ է իրականացնում քաղաքականությունը

Մեծ հաշվով, արտաքին քաղաքականությունն իրականացնում են դիվանագետները եւ կառավարության ղեկավարները: Դիվանագետների որակը միշտ էլ խնդիր է եղել, եւ նրանց պատրաստության ու հնարավորությունների վերաբերյալ տեսակետները տարբերվում են:

Դրանք տատանվում են այնպիսի կարծիքներից, որոնք դրական են գնահատում Հայաստանի դիվանագետներին եւ հավատում, որ.
Ա. Հայաստանի դիվանագետները լավն են. խնդիրն այն քաղաքականությունն է, որը նրանցից պահանջվում է վարել։
Բ. Հայաստանի դիվանագետները ժամանակի ընթացքում առաջադիմել են։
Գ. Դիվանագետների որակը կարող է բարելավվել, սակայն իրական խնդիրը քաղաքականության մեջ է։
Դ. Դիվանագետները լավն են, սակայն երբեմն նրանց ուղարկում են մայրաքաղաքներ, որոնք չեն համապատասխանում նրանց մասնագիտական կարողունակությանը։
Ե. Դիվանագետներին չի թույլատրվում ինքնուրույն մտածել քաղաքականության տարբերակների մասին:
Այլ փորձագետներ վերջնական գնահատական չունեն, սակայն կարծում են, որ դիվանագետների վերապատրաստումն ու օգտագործումը կարող է բարելավվել: Այդ դիտարկումները ներառում են հետեւյալ տեսակետները.
Զ. Հայաստանը չունի բավականաչափ լավ դիվանագետներ։
Է. Դիվանագետները քաջատեղյակ չեն այն երկրներից ու տարածաշրջաններից, ուր նրանք նշանակվում են։
Ը. Դիվանագետները պատրաստվում են արտերկրի դպրոցներում, այլ ոչ թե հայկական դիվանագիտական դպրոցում։
Թ. Թոշակի անցած դիվանագետները կարող էին հրավիրվել, որպեսզի օգնեն պատրաստելու նոր դիվանագետներ՝ օգտագործելով սեփական փորձը։
Ժ. Ծագումով հայ դիվանագետները, որոնք ծառայում են այլ կառավարություններում, կարող են օգնել հայ դիվանագետների պատրաստմանը:
Սպեկտրի մյուս եզրին նրանք են, ովքեր մտածում են, որ.
Ի. Շատ դիվանագետներ տարածաշրջանը տեսնում են Ռուսաստանի աչքերով։
Լ. Շատ դիվանագետներ իրականում գործում են պարզապես որպես քաղաքական կամ կառավարության ղեկավարների անձնական ներկայացուցիչներ։
Խ Հայաստանը չունի իսկական/կարողունակ դիվանագետներ:
Հետեւյալ կետերի շուրջ կարծեք թե համաձայնություն կա.
Ծ. Հայաստանի դիվանագետների կրթությունը կարող է բարելավվել։
Կ. Նշանակումների համակարգը պետք է ավելի հետեւողական եւ լիովին մերիտոկրատական դարձնել։
Հ. Դիվանագետները պետք է խորագիտակ լինեն այն երկրի կամ տարածաշրջանի պատմությանը, մշակույթին ու քաղաքականությանը, ուր իրենք նշանակված են։
Ձ. Հայաստանը պետք է հիմնի ազգային դիվանագիտական դպրոց, որը կարող է զորանալ այլ դպրոցների հետ գործընկերության միջոցով, բայց որտեղ կուսուցանվեն պետական շահերը։
Ղ. Արտաքին գործերի նախարարությունը պետք է ներգրավի նախկին կարողունակ դիվանագետների՝ որպես հրավիրյալ դասախոսների, այդ թվում՝ Սփյուռքից եւ, առհասարակ, այլ երկրներից:
Ճ. Դիվանագետները կարող են իրենց առավելագույն ներուժը դրսեւորել, երբ նրանց տրվում են հստակ ու հետեւողական ցուցումներ՝ ուղղված իրապաշտ ու մտածված արտաքին քաղաքականության իրագործմանը։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության
քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031