«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան կառավարության որոշումը: «Առավոտը» բազմաթիվ զանգեր է ստանում, հարցեր` կապված օրերս Ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» նախագծի հետ: Այդ նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ կյանքի կոչելով Պետաիրավական նախարարական կոմիտեի այս տարվա սեպտեմբերի 29-ի նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):
ՀՀ քաղաքացու անձնագրի համար առավելագույն 2 տարի ժամկետ սահմանվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով, մինչդեռ սեւով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացու անձնագրի համար ժամկետը սահմանվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վկայակոչված՝ «Անձնագիր ձեռք բերելու իրավունքը եւ անձնագրի վավերականության ժամկետը» մասով ամրագրված է. «Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով»։ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով»:
Ստացվում է, որ երկու տարին մեկ քաղաքացին պետք է «Բաժին» ներկայանա: Երբ պատկերացնում եմ անձնագրային եւ վիզաների վարչության ծանրաբեռնվածությունը, հնարավոր ձգձգումները, ապա պարզ նշմարվում է այն տխուր հեռանկարը, թե ինչ է ստացվելու երկու տարին մեկ անձնագրի վավերականությունն ապահովելու համար, քաղաքացու եւ անձի այլ իրավունքների իրացման համար: Էլ չեմ խոսում, կարճաժամկետ վավեր փաստաթուղթն արդեն իսկ «փշերի» վրա է պահում ազատ մարդուն, նա չի կարողանա լիարժեք օգտվել սոցիալական, կրթական ծրագրերից, իրավական եւ այլ ծառայությունների հասանելիությունից:
Բացի այդ սահմանափակվելու է տեղաշարժը, մուտքի ու ելքի իրավունքները: Ըստ էության, մենք ՀՀ քաղաքացիներս, զրկվում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր ստանալու հնարավորությունից։ Մինչդեռ, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Նախ, ըստ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի, անձնագիրը ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ-ից դուրս գալու եւ ՀՀ վերադառնալու, ինչպես նաեւ ՀՀ տարածքում անխափան օգտագործելու համար: Ասել է, թե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կրելու ՀՀ քաղաքացու անձնագիր, որպես իր ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք եւ բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի եւ ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Վավերականության կարճաժամկետ ունեցող անձնագրի պայմաններում Հայաստանի քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններ մուտք գործելու թույլտվությունների (վիզաների) ժամկետը նույնպես կնվազի, ինչը կհանգեցնի ազատ տեղաշարժվելու իրավունքի անհիմն սահմանափակման, հատկապես օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, աշխատող, քաղաքացիների, բյուրոկրատական եւ փաստաթղթային անհարկի գործընթացների, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության քաղաքացիների համար:
Քաղաքացիներից շատերը, ովքեր տեղյակ են նախագծի մասին, առաջարկվող փոփոխություններին, սոցիալական տարբեր հարթակներում գտնում են, որ այն պետք է դուրս գա շրջանառությունից:
Կենսաչափական անձնագրերի խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկի բնորոշմամբ, նախագիծը հակասում է 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված «Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի» պահանջներին եւ քաղաքականությանը: Համաձայնագրի համաձայն, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 1-ին, կողմերն ապահովում են վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, կողմերը պարտավոր են շարունակել խթանել վիզաներին տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի միջոցով քաղաքացիների տեղաշարժը մինչեւ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը:
Հիմա դառնանք, նաեւ ամենակարեւորին. օրենքն ունի՞ ավելի բարձր կարգավիճակ, թե՞ կառավարության որոշումը: Իսկ գիտեիք, որ կա Պետաիրավական նախարարական կոմիտե:
«Նորմատիվ իրավական ակտեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Իսկ Պետաիրավական նախարարական կոմիտեի այս տարվա սեպտեմբերի 29-ի նիստում տրված հանձնարարականի բովանդակությունն անհայտ է հանրությանը: Որեւէ հիմնավորում չկա այն փոփոխության համար, ըստ որի քաղաքացիները անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել բնակավայրը, ոչ թե երկիրը։ Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ այս մոտեցումը պետք է լուծի խնդիրներն այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Այս դեպքում, օրինակ, Արցախը: Պատերազմի մեջ գտնվող պետության քաղաքացիների համար մի քիչ շատ արտասովոր չէ նման վտանգը…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2021 թ․