Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օր կքննարկեն գագաթնաժողովի հիմնական երկու թեմաները՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները:
«Մտքերի գագաթնաժողով»-ի գործընկեր, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն, ողջունելով ներկաներին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում, իր բացման խոսքում մասնավորապես ասել է. «Մենք հպարտ և ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Մեծապես երախտապարտ ենք նախագահ Սարգսյանին՝ մեզ հյուրընկալելու համար։ «Մտքերի գագաթնաժողովը» մշտապես միավորում է երեք հիմնական բաղադրիչ՝ հիանալի բովանդակություն, հիանալի մարդկանց և հիանալի քննարկումներ։ Դիլիջանը, «Մտքերի գագաթնաժողով»-ն այստեղ՝ Հայաստանում այդ բոլոր երեք բաղադրիչներն ապահովում է»:
Կարդացեք նաև
Իր խոսքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով իրավիճակն աշխարհում, գործընկերների հետ որոշել են գագաթնաժողովը անցկացնել հիբրիդային ձևով։ «Սա երրորդ գագաթնաժողովն է և առաջին անգամ է անցկացվում հիբրիդային տարբերակով,- ասել է նախագահը, -սակայն համոզված եմ, որ ապագայում շատ համաժողովներ կանցկացվեն հիբրիդային ձևով, քանի որ դա է պահանջում նոր աշխարհը։
Այս գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ես եմ անվանում, քվանտային աշխարհի մասին է։ Գագաթնաժողովը ներառում է երկու թեմա։Առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոխվում է ամեն օր։ Աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է, և մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում։ Խորագրի այս հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը, քանի որ վերջին շրջանում այստեղ՝ Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած պատերազմը, իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։
Մեր քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու կամ արդեն իսկ փոխում աշխարհը։ Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»:
Նախագահը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվող՝ չորրորդ գագաթնաժողովը միավորվելու է Հայաստանում սպասվող մեկ այլ կարևոր իրադարձության՝ STARMUS-ի հետ, որը գիտությանը, երաժշտությանը և տեխնոլոգիաներին նվիրված համաժողով է: «STARMUS-ը ևս նվիրված է լինելու ապագային»,-ասել է նախագահը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ աջակցում է և «Մտքերի հայկական գագաթնաժողովին», և STARMUS-ին:
Նշելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը համավարակի հետևանքով կտրուկ փոխվել է՝ նախագահն ասել է, որ երբ ամբողջ աշխարհում COVID էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները պատերազմ հրահրեցին. «Մեզ մոտ կրկնակի ողբերգություն էր, մենք մեր հայրենակիցներին կորցրեցինք ոչ միայն համավարակի պատճառով, այլ նաև պատերազմում, կորցրեցինք, հիմնականում երիտասարդ կյանքեր»:
Հանրապետության նախագահի առաջարկությամբ մասնակիցները հարգել են համավարակի և պատերազմի զոհերի հիշատակը։
Ամփոփելով խոսքը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը ապագայի, աշխարհի ապագայի, տարածաշրջանի ապագայի մասին է։
Գագաթնաժողովին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումները և քննարկումները: Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ «Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն, սկսում ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել գործընթացները մեզ համար,- ասել է վարչապետը: -Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչն ինչի համար է և ինչի պատճառով է տեղի ունենում։ Մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։ Այդ առումով կարծում եմ, որ այսօր, հենց ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, ինչպես և ինչու են տեղի ունենում գործընթացները։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։
Պարոն նախագահ, ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, իրադարձությունը մեզ համար կդառնա մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի և հետևաբար, ավելի կառավարելի լինեն»:
Գագաթնաժողովը հյուրընկալող՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում ամեն անգամ նոր արժեքավոր մտքեր են հնչում. «Թերևս սա է պատճառը, որ ամեն տարի մեծ ոգևորությամբ են սպասում այս իրադարձությանը»: Մարտին Գալստյանն անդրադարձել է գագաթնաժողովի այս տարվա թեմաներին՝ կարևորելով դրանց շուրջ մասնագիտական և խորքային քննարկումների ծավալումը։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ