Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո լրիվ անսպասելի իրավիճակ ունեցանք

Հոկտեմբեր 23,2021 13:30

Թե ինչ արդյունքներ ունեցանք Արցախյան վերջին պատերազմից հետո, բոլորին է մոտավոր հայտնի, սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում մարդկային հարաբերություններում, զարմանալի եւ ամոթալի է մեր ժողովրդի մի մասի համար:

Ընդամենը մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ ունեցանք հազարավոր զոհեր, անհետ կորածներ եւ գերիներ, որոնց մի մասն էլ մինչ այսօր այդ հրեշների ձեռքի տակ են, եւ այն դաժան վերաբերմունքը, որը ցուցաբերվում է նրանց նկատմամբ, շատ ավելի անտանելի է, քան այն, ինչ հավանաբար կիրառվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օսվենցիումի ճամբարում: Ինչպես կարող է ժողովուրդը հանգիստ քնել, երբ մեր երիտասարդ հայրենակիցները գերիի կարգավիճակով, արդեն ամիսներ շարունակ ենթարկվում են անմարդկային կտտանքների, տանջանքների ու նվաստացումների:

Ստացվում է, որ բացարձակապես չենք պատկերացնում, թե մեր հայրենակիցներն իրենց ամեն օրն ինչ տառապանքների միջով են անցնում եւ վերջապես, ի՞նչ է լինելու նրանց վերջը: Իհարկե, մեր անգին զոհերին, անհետ կորածներին ետ բերել հնարավոր չէ, անգամ մեր գերիներին առ այսօր ետ բերել չենք կարողանում, սակայն թվում էր, թե ժողովուրդը բազմակողմանիորեն՝ հավուր պատշաճի կգնահատի իր համար կյանքները զոհած մեր առյուծ հերոսներին եւ այդ ամենից հետո մարդկային գութը ամենայն բարձրությամբ միշտ արթուն կմնա նրանց հոգիներում ու ամենուր եւ ամեն քայլի նրանք միմիայն խղճի մտոք կկատարեն իրենց բոլոր քայլերը: Բայց, արի ու տես, ամեն ինչ ընթանում է այնպես, կարծես ոչ պատերազմ է եղել, ոչ էլ այդքան մեծաթիվ զոհեր են եղել:

Այլ կերպ ասած, մեկ տարի չանցած համարյա ամեն ինչ մոռացվեց եւ ամեն ինչ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմին նախորդող տարիներին: Տպավորություն է, որ ժողովրդի մեծամասնության մոտ ընդհանրապես ցավ չկա, նրանք ապրում են իրենց սովորական կյանքով, կարծես արտառոց ոչինչ էլ չի եղել: Բերեմ ամենահասարակ օրինակը, որտեղ ցայտուն երեւում է ասածիս ճշմարտությունը: Երկրի այս կործանված վիճակում, երբ ժողովուրդը տանում է պատերազմի մեծագույն դառնությունը՝ իր բոլոր հետեւանքներով, չափազանց աղքատ վիճակում է, միեւնույն է, առեւտրականներն այնքան ուժգնությամբ են բարձրացնում ապրանքների գները, կարծես աշխարհի վերջն է եւ իրենք փորձում են քերթել ժողովրդի վերջին կոպեկը, թքած, թե ժողովուրդը սովամահ է լինում: Դա նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, կարեւորն իրենց մի կոպեկ ավելի քերթելն է, քանզի իրենց գերնպատակը մեկն է. որքան, որ հնարավոր է, շատ փող առնել, որպեսզի հասցնեն հանկարծ չուշանալ ու էլ ավելի հարստանալ:

Նրանք մոռացել են, որ այդ գնորդների մեջ են նաեւ զոհերի ընտանիքների անդամները եւ ծայրահեղ աղքատները: Երբ քայլում ես ժամանցի վայրերով, ապա համարյա ոչ մեկի աչքերում կամ դեմքին (բացառությամբ մասնավոր դեպքերի, ովքեր հավանաբար զոհվածների հարազատներ են)վշտի կամ մտահոգության նշույլ չկա, որը խոսում է զուտ այն մասին, այդ մարդկանց մոտ ոչինչ չի փոխվել, նրանց համար կյանքը շարունակվում նախկին՝ անհոգ կերպով: Թվում է, սրանք սովորական, ամենօրյա հարցեր են, որոնց մասին չարժե շահարկումներ անել, սակայն շեշտենք, որ հենց սրանցից են գալիս ավելի մեծ հարցերը, այնպես, որ մարդկային հարաբերություններում փոքր հարցեր չկան: Լավ, փորձենք նաեւ հակառակ կողմից մոտենալ. իսկ ո՞ր մեծ հարցերում են փորձում նուրբ, մարդկային, խղճով մոտեցում հանդես բերել: Ցավոք, այդպիսիք չկան: Իհարկե, կարող են լինել նաեւ պնդումներ, որ պատերազմի ժամանակ՝ փոքր ժամանակահատվածում գոյացած մեծ քանակի զոհերի առկայությունը քարացրել է մարդկանց սրտերը, ինչ-որ պահից սկսած, դրանք մի տեսակ՝ կարծես դարձել են սովորական, նրանց խիղճն աստիճանաբար քարացել է, զոհերի թվի աճը դարձել է սովորական, իսկ ցավն այլեւս ուժեղանալու տեղ չունի եւ նույն չափով քարացած պահպանվում է:

Սա լրիվ անհեթեթ պնդում է, քանզի ոչ խիղճը, ոչ ցավը սահման չեն ճանաչում: Ասվածն ընդամենը ժողովրդի իրական՝ ամոթալի պահելաձեւի արհեստական արդարացում է, որը ոչ մի պարագայում ներման ենթակա չէ: Բացառությունները չհաշված, երկրում տեղի ունեցող ամեն ինչը վկայում է, որ պատերազմից շատ չանցած, ամեն մեկն ապրում է լոկ իր կյանքով եւ մարդկանց ներսում այսօր չկա ուրիշի ցավով ապրելու, կա միայն սեփական հարցերի լուծման խնդիրը: Երբ մեր հերոսները պայքարում ու զոհվում էին, դա միայն իրենց ու իրենց ընտանիքների համար չէր, այդ ամենը հավասար չափով նաեւ ուրիշների եւ նրանց ընտանիքների համար էր, ու ամբողջ դժբախտությունը կայանում է հենց նրանում, որ այդ ամենը արագ մոռացվեց ու այսօր ամեն մեկը մտածում է լոկ իր կաշվի մասին:

Եթե որեւէ կերպ փորձեն ուղեղիս մեջ խցկել այն միտքը, որ վերջին դաժան պատերազմից ընդամենը մեկ տարի անց, ժողովուրդը կմոռանա այդ մեծ ցավը եւ կշարունակի ապրել այնպես, կարծես, թե ոչինչ էլ չի եղել, դա ոչ մի դեպքում չի հաջողվի: Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ այս համազգային սգից ընդամենը մեկ տարի անց, երկրում կունենանք այսպիսի անսպասելի իրավիճակ՝ մարդկային հարաբերությունների նման ամոթալի պատկեր:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031