ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինաթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ից 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման, որոնցից մեկն «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն» թեման է:
Ներկայացվող նախագծի նպատակն է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինաթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են կիրառություն գտնել ասիմետրիկ սինթեզում՝ որպես Բրոնստեդի հիմքեր և/կամ լիգանդներ անցումային շարքի մետաղներով կատալիզվող ռեակցիաներում։
Ֆինանսավորման երաշխավորված թեման, Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, քիմ. գիտ. թեկնածու Արմեն Գալստյանի ղեկավարությամբ, ներկայացրել է հետազոտական խումբը, որում ներառված են Օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Մելանյա Սամվելյանը, հայցորդ Վարդգես Ֆրանգյանը, ֆակուլտետի շրջանավարտ Զորայր Մարդիյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Տիգրան Եգանյանը:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Արմեն Գալստյանն ասաց, որ ներկայացված թեմայի վերաբերյալ հետազոտություններն իրականացվում են ընդամենը քսան տարի.
«Գիտության մեջ ասիմետրիկ սինթեզը շատ արդիական է: Կենսաբանորեն բազմաթիվ ակտիվ նյութեր ունեն տարածական հստակ կառուցվածք, և հնարավոր գործիքները, որոնց ստեղծումը թույլ կտա ստանալ ակտիվ միացություններ, ևս արդիական են»:
«Ճիշտ է, մենք միշտ կրկնօրինակում ենք բնությանը, բայց սինթետիկ կառուցվածքները կարող են շատ ավելի հետաքրքիր ակտիվություն և հատկություններ ունենալ, քան բնական կառուցվածքները»,- նշեց Արմեն Գալստյանը:
Նրա խոսքով, ասիմետրիկ սինթեզը հիմնականում մեծ կիրառություն ունի ֆարմքիմիայում. «Դեղերի օրգանական միացությունների 60-70%-ը քիրալային է, այսինքն՝ ասիմետրիկ կառուցվածք ունեն, որոնց մի ձևի առկայությունը կարող է դեղաբանորեն ակտիվ լինել, իսկ հայելային պատկերը՝ լրիվ այլ ակտիվություն ունենալ: Օրինակ՝ թալիդոմիդ պատրաստուկն օգտագործվել է բժշկության մեջ խառն իզոմերների ձևով, որի արդյունքում ի հայտ է եկել տերատոգեն հատկություն: Այդ պատճառով երեխաները ծնվում էին արատներով: Հետագա ուսումնասիրությունների ժամանակ միայն պարզ դարձավ, որ տարածական մի ձևը տալիս էր դրական արդյունք, մյուսը՝ հանգեցնում ապագա սերունդների մուտացիաների»:
Հետազոտական խմբի ղեկավարի փաստմամբ, ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան ստանալու քիրալային կառուցվածք ունեցող բարձր մաքրությամբ նոր նյութեր. «Թեմայի արդիականության մասին է վկայում այս տարի Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների գործունեությունը. նրանք հետազոտում են հենց քիրալային սինթեզը»:
«Մեր նպատակը կատալիզատորների սինթեզի ծրագրավորումն է, այսինքն՝ նախագծումը, այնուհետև այդ կատալիզատորների ակտիվության որոշումը մոդելային տարբեր ռեակցիաների վրա, որոնք ցույց կտան, թե տվյալ կառուցվածքի նյութերը կատալիտիկ ինչ հատկություն ունեն և արդյոք ավելի արդյունավետ են, քան ներկայումս հայտնի նյութերն են»,- նշեց Արմեն Գալստյանը:
Նրա խոսքով, քիմիան փորձարարական գիտություն է, այսինքն՝ ծրագրով նախատեսված քայլերը պետք է փորձարկվեն, հետազոտության արդյունքները միանգամից արտադրանքի չեն վերածվելու, այլ ստեղծվելու են նոր գործիքներ, որոնք քիմիկոսները կարող են կիրառել նյութաստեղծման ժամանակ. «Ստացված վերջնարդյունքների հիման վրա էլ պատրաստվելու են հանրամատչելի դասախոսություններ և իրազեկող այլ նյութեր»:
Ծրագրով նախատեսված գաղափարները փորձարկելու համար, ըստ Արմեն Գալստյանի, անհրաժեշտ է վերանորոգել Օրգանական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան, որտեղ էլ աշխատելու է հետազոտական խումբը: Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է լաբորատորիան հնարավորինս համապատասխանեցնել միջազգային ընդունված չափորոշիչներին.
«Լաբորատորիաներում իրականացվող գիտական յուրաքանչյուր մեր գործունեություն կապված է կրթական բաղադրիչի հետ, քանի որ այնտեղ իրականացվում են ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ասպիրանտական ատենախոսությունների համար նախատեսված հետազոտություններ, գործունեություն է ծավալում նաև ֆակուլտետի ՈՒԳԸ-ն»:
Ծրագիրը եռամյա է: Պահանջների համաձայն՝ խմբի անդամները գումարային 15 օր պետք է լինեն ծրագրի գործընկեր հաստատությունում և գիտական հետազոտություններ իրականացնեն: Արմեն Գալստյանն ասաց, որ համագործակցությունը կիրականացվի Մոսկվայի պետական համալսարանի հետ:
ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ