Օրերս վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը լրագրողներին մեղադրել էր գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների վիշտը շահարկելու մեջ եւ ասել, որ լրագրողների պատճառով են ադրբեջանցիներից թաքնված տղաներից ոմանց գտել ու խոշտանգել. «Լրատվամիջոցների պատճառով թաքնված երեխաներին գտել են, սպանել են եւ տվել են մեզ, անձամբ ինձ… Բերել են՝ շան ժնջիլով փաթաթած վիզը»:
Aravot.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ձեւակերպմամբ, բազմիցս ականատես ենք եղել, թե իշխանություններն ինչպես են իրենց անգործությունն արդարացնելու համար տարբեր կառույցների վրա մեղքը բարդում:
«Տվյալ դեպքում եւս մեղքը բարդում են ուրիշի՝ այս անգամ լրատվամիջոցների վրա, եւ եթե կար իրավական գնահատական տալու անհրաժեշտություն, թող դրա մասին համապատասխան մարմինները հայտնեին, թե չէ հակառակ դեպքում օդի մեջ խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում, դրանք զուտ արդարացումներ են իշխանությունների կողմից:
Եթե իշխանությունները մտածում են, որ այդտեղ խնդիր կար, եւ նման բան է կատարվել, այստեղ եւս իրենք են խնդրի պատասխանատուն եւ մեղավորը, որովհետեւ լրատվական դաշտի հետ աշխատանքի համակարգումն էլ իշխանությունների գործառույթն է: Եթե չեն կարողացել գրագետ համակարգել աշխատանքը, մեղքն իրենցն է: Համապատասխան կառույցներ կան, որոնք պետք է աշխատեն լրագրողների հետ, եթե լրագրողների հետ ոչ մի աշխատանք տեղի չի ունենում, ապա այստեղ լրագրողներն ամենավերջինն են այն շղթայի մեջ, ում կարելի է մեղադրել: Այնպես որ սա նրանց կողմից հերթական անգամ իրենց վրայից պատասխանատվությունը գցելու փորձն է»,-ասաց Մանգասարյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ