Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթն ընկավ Շուշիի մարտերում

Հոկտեմբեր 23,2021 18:30

Դավիթ Հարոյանը ծնվել է 2000 թվականի ապրիլի 9-ին: Դեռ մանկուց շատ աշխույժ էր, չարաճճի ու հետաքրքրասեր։ Դավիթի քույրը կարոտով էր պատմում եղբոր մասին. «Իրեն շատ էր հետաքրքրում իր ծագումնաբանությունը: Հայրիկին միշտ հարցեր էր տալիս իր պապերի մասին»:
Դավիթի պապն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ Մեդալներ ուներ, որոնք Դավիթի համար փոքր տարիքում անհասկանալի բաներ էին, իսկ երբ հայրը բացատրում է, թե դրանք ինչ են, եւ ինչպես են վաստակում, Դավիթը փակցնում է իր հագուստին ու անընդհատ կրկնում՝ ինքն էլ է հերոս: Ասում էր` «երբ մեծանամ, ես էլ եմ հերոս լինելու ու պիտի մեդալ ունենամ»։

2006 թվականին ընդունվեց դպրոց, բայց նախքան դպրոց գնալը սիրում էր սովորել մեծ քրոջ դասերը: «Դպրոց գնալուն շատ էր սպասում։ Այնքան խելացի էր, որ երբ դեռ չէր գնում դպրոց, իր քույրիկի դասերն էր սովորում: Դպրոցում չարաճճի էր, աչքի ընկնող, միեւնույն ժամանակ շատ հոգատար ու բարի»,- ասում է Դավիթի մայրը:

Շատ էր սիրում պատմություն առարկան ու առաջամարտիկ էր ամեն ինչով` զսպվածությամբ, կարգապահությամբ ու աշխատասիրությամբ:
Հայրը հպարտությամբ է պատմում որդու մասին. «Չէր սիրում որեւէ մեկից հետ մնալ։ Երբ իր դասարանի կողքով անցնում էի, իր ձայնն էր լսվում . «Կլինի՞ ես գամ, ես պատմեմ, ես, ես…: Ուսուցիչները Դավիթին գովաբանում էին սովորելու տեսանկյունից, բայց բողոքում էին, թե դասերը խանգարում է, բոլորից առաջ է անցնում, միայն ինքն է ուզում պատմել, խոսել, գրել ու կարդալ, ոչ մեկի հերթ չի տալիս»:
Դավիթի ընկերը` Ռոբերտը, մի դրվագ հիշեց իրենց դպրոցական տարիներից։ «Չորրորդ դասարանում էինք սովորում։ Դավիթը գիտեր, որ չեմ սիրում, երբ ինձ Ռուբիկ էին ասում։ Ինքն էլ միտումնավոր ինձ միշտ այդպես էր կանչում։ Մի օր էլ երբ նորից Ռուբիկ գոռաց, վազեցի հետեւից, ու ինքն ընկավ։ Հետո մոտեցա, զգացի, որ շատ էր ցավում։ Ասացի՝ հը, Դա՛վ, էլ չես ասո՞ւմ Ռուբիկ։ Գլուխը բարձրացրեց, նայեց ինձ ու ասաց՝ էլ կյանքում չեմ ասի»։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Դավիթն ուսումը շարունակում է քոլեջում: 2014 թ.-ին 9-րդ դասարանից դուրս է գալիս եւ նույն թվականին ընդունվում «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»: Հետաքրքիր պատմություններ են պատմում իր ուսուցիչները: Ասում են՝ ճիշտ է, բոլորի հետ մեկտեղ անպատրաստ էր գալիս դասի, բայց բավական էր մեկ հարց տալ նրան, ու ինքը կարող էր ճիշտ եւ հստակ պատասխանել:

Ինչպես դպրոցում, այնպես էլ քոլեջում եղել է միշտ առաջինը։ Դասախոսները պատմում են՝ ամեն տեսակի հարցում ինքն առաջ էր նետվում ու ասում, թե իրենից բացի ով պետք է անի:

Դավիթ Հարոյանը քոլեջն ավարտելուց հետո ընդունվում է «ԴՕՍԱԱՖ», ստանում վարորդական իրավունք եւ որպես վարորդ զորակոչվում բանակ: Բանակ է զորակոչվել 2018 թ.-ի հուլիսի 1-ին՝ ծառայության անցնելով Արցախի զորամասերից մեկում: «Երդման արարողության ժամանակ հստակ, գեղեցիկ, հպարտ կեցվածքով երդվեց: Ծառայությունից մի քանի ամիս անց զորամասից շնորհակալագիր էին ուղարկել: Շատ լավ ծառայեց, գոհ էր իր ծառայությունից։ Երկու անգամ արձակուրդ եկավ։ Երբ գալիս էր, ասում էր` երբ պիտի վերջանա` գնամ զորամաս: Մեր որդին շատ լավ ծառայեց: Նույնիսկ ուզում էր պայմանագիր կնքեր ու շարունակեր ծառայությունն Արցախում»,- հպարտությամբ պատմում է Դավիթի մայրը։

Բանակից զորացրվելուց հետո` 2020 թ.-ի սեպտեմբերի 16-ին, հրամանագրվում եւ անցնում է աշխատանքի ոստիկանությունում: Դավիթին ոստիկանության զորքեր ընդունել են շատ արագ: Աշխատանք ունենալու փաստը Դավիթին շատ էր ուրախացնում: Որոշել էր ընդունվել աշխատանքի, որից հետո ուսում ստանալ ակադեմիայում:
«Ոստիկանական համազգեստը շատ էր սազում իրեն: Ընդամենը մի քանի օր գնաց աշխատանքի: Առաջին աշխատանքային օրը սեպտեմբերի 22-ն էր: Առաջին իսկ օրվանից սիրեց իր գործը ու նվիրվեց իր ծառայությանը»,- ասում է քույրը։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Դավիթին կանչում են զորամաս: Սեպտեմբերի 29-ին գնում է պատերազմ: Ընտանիքի անդամները պատմում են, որ ամեն օր, օրվա ընթացքում 2-3 անգամ զանգել է, խոսել շատ կարճ եւ անջատել:

«Չէր ասում, որ Քարվաճառում են, վերադառնալուց հետո ենք իմացել: Հոկտեմբերի 25-ին տուն վերադարձավ, այնքան էր փոխվել, կյանքին այլ կերպ էր նայում: Այդ օրերին պատերազմի դաշտում նոր նպատակներ ու երազանքներ էր ձեւավորվել, որոշել էր շուտ ամուսանանալ ու երեխաներ ունենալ»,- ասում է մայրը։

Դավիթն ու իր ընկերները նոյեմբերի 2-ին գնում են Վարդենիս: Վարդենիսում զենքեր տեղափոխելիս մատը վնասվում է, տանում են բուժկետ։ Այնտեղ ասում են, որ մի քանի օր մնա բուժկետում, համառում է, թե բան չի եղել, որտեղ իր ընկերները, այնտեղ էլ ինքը: Նոյեմբերի 3-ին Վարդենիսից տեղափոխում են Շուշի: Օրեր շարունակ Շուշիում թեժ մարտեր են վարում։ Նոյեմբերի 7-ին իր ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ։

«Այդ ընթացքում զանգում էր տուն, հրաժեշտ տալիս, իսկ հետո կրկին զանգում եւ հուսադրում, որ ամեն բան վերջացել է ու արդեն ամեն ինչ լավ է: Այդ ընթացքում զանգահարում է նաեւ իր հրամանատարներից մեկին, ով այդ պահին Երեւանում է լինում, կոորդինատներ է հարցնում, որպեսզի դուրս գա: Հրամանատարն ուղղություն է տալիս եւ ասում է՝ եթե կարողանում ես քայլել, վազի ու արագ հեռացի այդ տեղանքից:
Դավիթը պատասխանում է՝ իր վրա միայն քերծվացքներ կան, կարող է վազել, բայց իր հետ պետք է վիրավորներ իջացնի, վիրավորներին անօգնական չի թողնելու»,- պատմում է հայրը:

Տասներկու տարվա ընկերները մոտ երեք տարի միմյանց չտեսնելուց հետո, որոշում են վերջապես տեսնվել։ «Վերջին անգամ տեսել եմ 2018-ի հունվարի 9-ին` բանակ զորակոչվելուս օրը։ Չնայած այն բանի, որ ուշ-ուշ էինք տեսնվում, մենք միշտ խոսում էինք ու պահում մեր մանկուց եկած ու թանկ ընկերությունը։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին խոսեցինք, պայմանավորվեցինք վերջապես հանդիպել, բայց այդ ընթացքում գնաց Շուշի ու հերոսի մահով անմահացավ»,- Ռոբերտը մեծ ցավն ու կարոտը սրտում անդադար խոսում էր Դավիթի մասին: Մինչ օրս հավատը չի գալիս, որ Դավիթն էլ չկա։ «Շատ սրտաբաց, մոտ ու թանկ ախպեր կորցրի։ Աստված իրեն ուղարկել էր, որ հասկանանք իրական բարությունն ու բոլորի համար լավը լինելն ինչպես է լինում»։

Հարազատները պատմում են, որ Դավիթի մասին օրեր շարունակ լուր չունենալուց հետո մի աղավնի է գալիս իրենց բակ։ Մտածում են` բարի լուր է բերել իր հետ։ Սպասում էին լավ լուրի, բայց հետո իմանում են, որ ծանր մարտեր են մղում Շուշի-Լիսագոր ավտոճանապարհին հարակից տարածքում, որտեղ թշնամու կենդանի ուժին պատճառում են զգալի կորուստ եւ անմահանում հանուն Շուշիի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031