Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծումն ու սահմանազատումը առանց ՌԴ-ի հնարավոր չէ անել․ Վ․ Պուտինի վալդայյան ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 23,2021 11:07

«Վալդայ» ակումբի կոնֆերանսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առանցքային ուղերձներ հղեց արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Չնայած հնչած հարցը վերաբերում էր Անդրկովկասում համագործակցության «3+3» ձեւաչափից բացի՝ այլընտրանքային այլ ձեւաչափերի առաջ մղման հավանականությանը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան հարավ-հյուսիս հաղորդակցման ուղու ակտիվացմանը, ՌԴ նախագահը որոշեց առիթն օգտագործել եւ անդրադառնալ արցախյան հակամարտության մի քանի առանցքային հարցերի:

Վլադիմիր Պուտինը որոշակիորեն խմբագրեց Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջերս արձանագրված Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ արած իր նախկին ձեւակերպումը, թե վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը: «Վալդայի» կոնֆերանսում Պուտինը նախ շեշտեց, որ ռուս խաղաղապահներն արժանիորեն իրականացնում են իրենց առաքելությունը, որոնց, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել հանգիստ վիճակը հակամարտության գոտում, եւ չկան խոշոր ռազմական գործողություններ, իսկ դրանից հետո նկատեց. «Այո՛, ցավոք, լինում են միջադեպեր, այո՛, ցավոք, մարդիկ երբեմն զոհվում են, բայց երեւի դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարիների հակամարտությունից հետո»:

Նկատելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, եւ կյանքերը պահպանելը շատ կարեւոր է, ՌԴ առաջնորդը հայտարարեց, որ կա նաեւ հիմնահարցի ավելի կարեւոր կողմ՝ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելը: «Այդ պայմանները կարող են ստեղծվել այն դեպքում, եթե երկու կողմն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմից էլ գնահատեն խաղաղ կողք կողքի ապրելու առավելությունը»,- ասաց Պուտինը եւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն կողմ են բոլոր երկրները:

ՌԴ նախագահի մյուս կարեւոր ուղերձը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ շեշտելով, որ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ անել. «Այստեղ, իհարկե, առանց ՌԴ-ի մասնակցության անհնար է որեւէ բան անել, եւ այս հարցում, կարծում եմ, մեզ էլ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից եւ ՌԴ-ից, որովհետեւ կա մեկ սովորական պրագմատիկ հանգամանք, այն է՝ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել սահմանները Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ»:

 

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031