Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճն է արձանագրվել՝ 8,9 տոկոս: Հատկապես անտանելի վիճակ է ստեղծվել առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 15,4 տոկոս: Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 տոկոս գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9,5 տոկոս՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում։ Կաթնամթերքի, պանրի և ձվի դեպքում գրանցվել է 10 տոկոս գնաճ և այսպես շարունակ։ Նման գնաճի խայտառակ տեմպերը քիչ չէին, առաջիկայում էլ նոր թանկացումների ալիք է սպասվում։ Օրինակ՝ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը, որն այս պահին 180 դրամ է, կբարձրանա 20 դրամով և կդառնա 200 դրամ:
Ոչ պակաս մտահոգիչ է գազի գնի թանկացման հարցը, քանի որ գազի գնի թանկացումը իր հետ միասին թանկացումների շղթա է բերում՝ ազդելով տնտեսության ամենատարբեր ոլորտների վրա։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ, մեծապես աճել է կապույտ վառելիքի նկատմամբ պահանջարկը՝ մանավանդ որ շուտով մոտենում է ձմեռը։ Օրինակ՝ Եվրոպայում գազի ֆյուչերսների գները հասել են նոր պատմական առավելագույնի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1600 դոլարի շեմը: Ու սա այն պայմաններում, երբ օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը հազար խմ–ի դիմաց սակարկվում էին ընդամենը 515 դոլարի մակարդակում։ Բնականաբար, քիչ է հավանականությունը, որ համաշխարհային մակարդակում գազի գների բարձրացումը չի ազդի նաև հայ սպառողի վրա։ Եվ դեռևս հարցական է, թե հայկական շուկայում գազի գների հետ ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փորձում է արդարանալ, թե գնաճը խժռում է իրենց արած աշխատանքի մեծ մասը։ Նույն Քերոբյանը հպարտանում է, թե այս տարի ռեկորդային չափի՝ 30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, բայց նրա և մյուս պատասխանատուների գործն էր թույլ չտալ, որ կարտոֆիլի՝ չափից ավելի մեծ արտահանումը տեղական շուկայում շեշտակի գնաճի պատճառ դառնար, ինչն իր հետևանքներն է ունենում հայկական սպառողի գրպանի վրա։
Կարդացեք նաև
Ստացվում է՝ որտեղ անհրաժեշտ է գործել, իշխանություններն ուղղակի անգործության են մատնված։ Չնայած նրանցից լուրջ ակնկալիքներ ունենալն արդեն անիմաստ է դարձել։ Եվ արդեն դժվար է պատկերացնել, թե ժողովուրդն ինչպես կարող է շարունակել հույսեր կապել այս իշխանությունների հետ, որոնք խժռում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան։ Եվ ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացման: Ընդհանրապես ապագան…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում