Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելակիր մեր ազգակիցը Ամերիկայի փոխարեն եթե գար Հայաստան, կհասնե՞ր նման հաջողությունների․ «Ազգ»

Հոկտեմբեր 23,2021 09:35

Ընդհանուր ընկճվածության մեջ թվում էր, որ հայ գիտնականի համաշխարհային գլխավոր մրցանակի նվաճումը ընդհանուր հրճվանքի հետ սփոփանքի, լավատեսության, հայկական գիտական մտքի հետագա նվաճումների նկատմամբ վստահության առիթ կհանդիսանա:

Դժբախտաբար չեղավ այդպես, մանավանդ պետական պաշտոնական ու գիտակրթական մակարդակներում: Մամուլի արագ եւ խանդավառ արձագանքին չհետեւեց կառավարության, խորհրդարանի ուղղորդիչ անդրադարձը եւ նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան մնաց լուռ: Նմանապես՝ գիտակրթական համալիրը, չհաշված անհատական ու հատվածական շնորհավորանքները: Այնինչ այդ նվաճումը մեզ պետք էր հատկապես խանդավառելու համար մեր երիտասարդությանը, որը, ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ օդի, ջուրի, հացի նման պետք ունի հպարտության, հատկապես այս օրերին…

Առավել եւս` երբ պրոֆ. Արտեմ Փաթափությանի եւ գործընկերոջ՝ պրոֆ. Դեյվիդ Յուլիոսի գյուտը վերաբերում է մարդկությանը ամենաշատը տառապեցնող երեւույթին՝ Ցավին, նյարդի վրա հպման ու ջերմային տատանումների թողած ազդեցության վերաբերյալ, որը կարող է նոր ուղիներ բացել նյարդաբանության եւ ընդհանրապես բժշկագիտության ասպարեզում: Այլ խոսքով՝ խորապես մարդասիրական բնույթի մի գյուտ, որը համահունչ է մեր ազգային-էթնիկ բնավորությանը:

Իսկ հիմա՝ գլխավոր հարցը. եթե Արտեմ Փաթափությանը քաղաքացիական պատերազմի պատճառով չլքեր Լիբանանը ու չտեղափոխվեր Ամերիկա, կարո՞ղ էր գիտության ասպարեզում հասնել նման բարձունքների: Անշուշտ ոչ: Գիտությունը երբեք չի կարող զարգանալ մեկուսի, համակարգից ու մթնոլորտից կտրված: Նկատի չունեմ միայն լաբորատորիաներն ու համապատասխան մասնագիտական խմբերը: Այլեւ՝ պետական ու մասնավոր համապատասխան պատվերները, հովանավորչությունը, ընթացիկ բառով՝ շուկան:

Հարցում երկրորդ. նոբելակիր մեր ազգակիցը եւ ոչ միայն նա, Ամերիկայի փոխարեն եթե գար Հայաստան, կհասնե՞ր նման հաջողությունների: Պատասխանը ցավալիորեն ժխտական է: Մի երկրում, ինչպիսին մերն է, որտեղ գիտությանը տրվող գումարները պետբյուջեի 1 տոկոսն էլ չեն կազմում, որտեղ պետական պատվերները իսպառ բացակայում են, իսկ մասնավորը գիտության մեջ որեւէ շահ չի տեսնում, որտեղ ո՛չ մթնոլորտ եւ ո՛չ էլ խթանիչներ կան գիտական մտքի զարգացման համար, եւ որտեղ, վերջապես, չկա գիտական ներուժի բացահայտման, զարգացման եւ արդյունավորման նկատմամբ ազգային-պետական կոնցեպտ ու քաղաքականություն, անկարելի է նման հաջողություններ ակնկալելը:

Նոբելյան մրցանակը փաստեց մեր հայկական գիտական տաղանդի կենսունակությունը: Իսկ ի՞նչ է ուզում փաստել հայկական պետականությունը երեկ, այսօր եւ վաղը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031