Համացանցում հաճախ եմ նկատում, որ մարդիկ զարմանում են, թե ինչպես են իշխանավոր դարձած նախկին լրագրողները (վարչապետի գլխավորությամբ) մեկը մյուսի հետեւից ԶԼՄ-ների դեմ օրենքներ ընդունում: Իրականում դա պարզ եւ մարդկայնորեն միանգամայն հասկանալի հոգեբանական մեխանիզմ է:
Այս իրավիճակը հասկանալու համար շատերը զուգահեռ են տանում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հետ, երբ խոզերը, սկզբնական շրջանում մյուս կենդանիների հետ պայքարելով մարդկանց դեմ՝ «հանուն համընդհանուր հավասարության», ժամանակի ընթացքում սկսում են իրենց համար «բացառություններ» անել, իսկ վերջում վերցնում են մտրակը եւ դառնում են ճիշտ մարդկանց նման: Այդ զուգահեռն, իմ կարծիքով, ճշգրիտ է: Բայց երեկ ես հիշեցի մեկ այլ նշանավոր ստեղծագործության՝ Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմից մի դրվագ:
Ստրկությունից ազատված Ջանգոն գալիս է սպիտակամորթ կալվածատիրոջ մոտ բանակցությունների, եւ այդ դաժան ստրկատիրոջ ծառայապետը՝ Սթիվենը, որը նույնպես սեւ մաշկ ունի, վրդովված դիմում է իր տիրոջը՝ «Եվ դուք թույլ կտաք, որ այս կեղտոտ նիգերը (այդպես է նա բնութագրում Ջանգոյին – Ա.Ա.) մտնի ձեր տուն եւ ձեր հետ սեղա՞ն նստի»: Սթիվենը ճիշտ նույնպիսի աֆրոամերիկացի է, ինչպիսին Ջանգոն է, բայց նա, երկար տարիներ ծառայելով կալվածքում, դարձել է ավելի ծայրահեղ ռասիստ, քան իր տերը:
Ահա իրականությունից կտրվելու ողջ պատկերը: Այնքան ժամանակ, որքան դու լրագրող ես (այստեղ կարելի է նշել ցանկացած այլ մասնագիտություն), դու ապրում ես սովորական կյանքով եւ, բնականաբար, իրականությունից չես կտրվում: Հենց որ դու հայտնվում ես պալատներում՝ կենցաղային հոգսերից ազատված, «հարցեր լուծելու», արտոնությունների, քծնանքի, շողոքորթության, պատերին առաջնորդի նկարը կախելու մթնոլորտում, սկսում ես վրդովվել ՝ «ովքե՞ր են այդ լրագրողները, որ անընդհատ ոտի տակ են ընկնում, նրանք ո՞վ դառան, որ համարձակվում են չփառաբանել մեր տքնաջան, ազգանվեր աշխատանքը»:
Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից եւ նրանց շրջապատից ես այլ բան չէի սպասում, որովհետեւ նրանք իրենց կարիերան սկսել են կոմունիստական նոմենկլատուրայի պայմաններում, այսինքն՝ երիտասարդ տարիքից սովորական մարդկանց կյանքով չեն ապրել: Բայց տեսնելով, որ թե՛ ՀՀՇ-ականները եւ թե՛ ներկայիս իշխանավորներն ի վերջո սկսեցին նույն ձեւով դրսեւորվել, ես պարզապես եւս մեկ անգամ համոզվում եմ 19-րդ դարի անգլիացի պատմաբան եւ քաղաքական գործիչ Ջոն Դալբերգ-Աքթոնի իրավացիության մեջ. «Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես»:
1970-ականների կեսերին մի անեկդոտ էր շրջանառվում Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա նախկին ղեկավար Անտոն Քոչինյանի մասին (որը, բնականաբար, այդ հայրենասեր եւ բազմաթիվ դրական գործեր կատարած մարդու հետ կապ չունի): Անեկդոտը կյանքից կտրվելու մասին է: Աշխատանքից դուրս գալուց մի քանի օր հետո Քոչինյանը կյանքում առաջին անգամ գնում է խանութ՝ երշիկ գնելու, խանութի ցուցափեղկին տեսնում է միայն դոկտորական երշիկի կապտած կտորը եւ, մտածելով, որ խանութներից երշիկը վերացել է վերջին մի քանի օրում, հոգոց է հանում՝ «Դե, սրանից հետո փառք կտաք Անտոն Երվանդովիչին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ի դեպ, Լենինն էլ, եթե չեմ սխալվում Ձերժինսկու մասին, ասել է՝ «Ռուսացած նացմենը, ավելի նացիոնալիստ է, քան բնիկ ռուսը»։ Հնարավոր է բառացի չասացի, բայց իմաստը դա էր։
Այո, մոտավորապես նույն տրամաբանությամբ Սերգեյ Բագրատյանը ավելի բոցավառ ՔՊ-ական է, քան բուն ՔՊ-ականները
Իսկական մասնագետին ոչ փողը եւ ոչ էլ իշխանությունը կամ փառքը չեն փչացնի՝ սեփական քրտինքով աշխատածը շատ ավելի թանկ է մարդու համար, քան իր մարմնի տարբեր մասերով աշխատածը, նշանակում է, փչանում են իրենց բնագավառում մեծ հաջողությունների չհասած միջակությունները, որոնցից էլ ձեւավորում են մարգինալների հինգերորդ շարասյուններն ու բերում իշխանության՝ քաղաքացիների Կառավարությունը բերողների համար կառավարելի դարձնելու համար, նույն է թե կուսանոցի եւ հասարակաց տան ղեկավարներին տեղերով փոխեն: Իսկ եթե մեր հաջողակ մասնագետները սրտացավ ու պատասխանատու վերաբերմունք ցույց տան ժողովրդի հանդեպ եւ համոզեն ժողովրդին ընտրել իրենց նման հաջողակ մասնագետներին Կառավարության կազմում, այդ ժամանակ այսօրվա եւ երեկվա մանկլավիկական թյուրիմացությունը չէինք ունենա, չնայած ոչ մեկի հանդեպ անհատապես լիչնույու նեպրիյազն չեմ զգում, պարզապես նրանց հատուկ համակարգում հրամայում են եւ ենթարկվում են, իսկ մեր քաղաքացիական համակարգում համոզելու վրա է:
Առաջարկ. Տեղական ինքնակառավարման դերը մեր քաղաքական ուժերի կողմից այնքան էլ լուրջ չի ընկալվում: Ինչպես կան պատերազմում եւ խաղաղ պայմաններում հաշմանդամ դարձած զինվորներ ու խաղաղ քաղաքացիներ, որոնք կենտրոնացված ծառայության կարիք ունեն, այնպես էլ կան պատերազմում եւ խաղաղ պայմաններում հաշմանդամ դարձած ընտանիքներ, որոնք կենտրոնացված ծառայության կարիք ունեն, տեղական ինքնակառավարումը պետք է իր ուժերի չափով իր վրա վերցնի այդ ընտանիքներին ծառայելը, ինչպես նաեւ ծառայել ընտանիքի անդամներին, որոնք իրենց ընտանեկան ուժերով ի վիճակի չեն լուծել ընտանիքի անդամի խնդիրները: Տեղական ինքնակառավարմանն էլ ծառայում է պետությունը, որը ծառայում է ընտանիքին այն հարցում, որն ի վիճակի չէ լուծել տեղական կառավարումը, պետությունը ծառայություն է մատուցում ընտանիքի անդամին, որի խնդիրը ոչ ինքը անդամը, ոչ ընտանիքը եւ ոչ էլ տեղական ինքնակառավարումը ի վիճակի չեն լուծել: Ինչպես ընտանիքի անդամը, այնպես էլ ընտանիքը, տեղական կառավարումը եւ պետությունը պետք է առողջ լինեն, որպեսզի լուծեն տեսակի պահպանման ու զարգացման խնդիրը, եթե մի օղակը հիվանդ ու թույլ լինի, մնացածները նույնպես կհիվանդանան, իսկ առողջ համակարգը կունենա պետություն, որն իր նմանների հետ կստեղծեն վերպետական կառույց, որը կծառայի բոլոր ենթակառույցներին՝ ընդհուպ մինչեւ ընտանիքի անդամ, որոնք սեփական ուժերով ի վիճակի չեն լուծել իրենց խնդիրները: Եթե մարդկությունը միավորվի այս սկզբունքով, կունենանք առողջ մարդկություն ու մեր դեմ ոչ մի՝ այլմոլորակային լինի թե մարգինալ հինգերորդ շարասյուն խաղ չի ունենա: