Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը կարեւորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը` Էդուարդ Աղաջանյանն այս հարցում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ եւ արդյունավետ գործունեությունը: Նշվել է, որ Ազգային ժողովում շուտով կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը եւս կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արժեւորել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
ՀՀ Ազգային ժողով